«ԵՍ` ՈՐՊԵՍ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ, ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի ԼԻԼԻԹ ՊԻՊՈՅԱՆԸ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստովանեց, որ երկրի քաղաքական վիճակն իրեն հուզում ու հետաքրքրում է, բայց քանի որ ինքը ցանկացած հարցում պրոֆեսիոնալիզմի կողմնակից է, հասկանում է, որ չի կարող ճշգրիտ գնահատական տալ, իսկ խոհանոցային մակարդակի խոսակցություններ չի սիրում:
-Քաղաքական ասպարեզի մասին կարկառուն մտքեր հայտնել չեմ կարող, ինձ շատ բան է պետք իմանալ: Նախ` այդ մարդկանց կենսագրությունները, թե ով ինչ է արել, ինչում է մեղավոր եղել, ինչ է դարձել, ում հավատաս, ում չհավատաս… Հենց էնպես խոսակցություններին չեմ հավատում, իսկ վիճակագրություն էլ չկա, թաքնված է, այսինքն` դժվար է կողմնորոշվել: Ինձ հետաքրքրում է մեր երկրի ներքաղաքական վիճակը, ու ես աշխատում եմ հետեւել, բայց այդ հոդվածները, հարցազրույցները, քաղաքական գործիչների անուններն այնքան շատ են, որ իմ ուղեղը դիմադրում է: Չեմ կարողանում այդ ամբողջ ծավալին տիրապետել: Իսկ տիրապետելու համար պետք է պրոֆեսիոնալ մակարդակով դրան հետեւես: Ես հասկանում եմ, որ իմ տեղեկությունն ու իմացությունն այս իրավիճակի մասին թերի են:
-Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր գործընկեր արվեստագետներին, որոնք ներքաշված են քաղաքականության մեջ: Նրանցից մի քանիսը գնում էին Ազատության հրապարակ, աջակցում Րաֆֆի Հովհաննիսյանին, մի մասն էլ գործող նախագահի կողքին էր կանգնած:  
-Երկու անուն կա, որ կարելի է հիշել այս առիթով` Ռուբեն Հախվերդյան ու Շուշան Պետրոսյան: Նրանք երկուսն էլ ներգրավված են եղել այս ընթացքի մեջ: Ու եթե իրենք խառնվում են, ուրեմն ինչ-որ հիմքեր ունեն: Վատ չեմ վերաբերվում, լավ է, որ գիտեն, իրենց դիրքորոշումը հստակ ցույց են տալիս: Ես ինքս գնացել եմ Ազատության հրապարակ, համակրում եմ Րաֆֆիին, բայց վերջնական որոշում չեմ կարող կայացնել:
Այդ անձնավորությունն ինձ ազնիվ մարդ է թվում է, ես որպես արվեստագետ եմ դատում: Բայց այն, որ ժողովուրդն ասում է` ինքն է ընտրված նախագահ, ես անընդհատ այդ հարցը տալիս եմ, թե հիմքը որն է, որ պնդում եք: Ինձ, օրինակ, հուզել է այս հարցը, ու ես հարցրել եմ` լավ, եթե այդ 2000 տեղամասի դիտորդները տեսել են խախտումները, ո՞նց է, որ գոնե մի 100 բողոք չի ներկայացվել, այլ ընդամենը 10-ն է եղել: Ինչո՞ւ: Ինձ պատասխանել են, որ մարդիկ սպառնալիքներից են վախեցել եւ չեն արել: Իսկ ինչո՞ւ չէին գալիս այդ վստահված անձինք Ազատության հրապարակ ու վկայում: Մի խոսքով, ինձ համար դժվար է կողմնորոշվել այն աստիճան, որ ես գնամ, ակցիաներ անեմ, բայց ասում եմ, որ մարդկայնորեն Րաֆֆիին հարգում եմ:
-Ինչպիսի՞ Հայաստան եք ուզում ունենալ:
-Ուզում եմ նախ եւ առաջ կարգ ու կանոն լինի, որ մեր Սահմանադրությունը մի հատ վերանայվի: Էնպես գրվի, որ իշխանությունը չափի մեջ պահի իրեն, որ սահմանափակվի իշխանության ամենաթողությունը: Ամերիկյան Սահմանադրությունն այնպես է գրված, որ իշխանությունը չի սանձարձակվում: Ինձ թվում է` մեր Սահմանադրությունը լավ գրված չէ: Կարգուկանոն եմ ուզում,  որ լինի, մարդկանց ապրելու, աշխատելու, ստեղծագործելու պայմաններ ապահովվեն:
-Խոսեցիք ստեղծագործելուց, իսկ Դուք` որպես արվեստագետ, ինչո՞ւ եք հազվադեպ հանդես գալիս:
-Ես` որպես արվեստագետ, բացարձակապես հուսահատության եմ մատնված, ես` որպես արվեստագետ, գոյություն չունեմ:
-Ինչո՞ւ եք այդպես մտածում:
-Իրականում ես ոչինչ չեմ կարողանում անել, որովհետեւ դա նախ եւ առաջ գալիս է մեր երկրի ու շուկայի փոքրությունից: Իմ արվեստի շուկան չնչինորեն փոքր է: Չկա մեր երկրում մի 20-30 քաղաք, որ ես կարողանայի շրջագայել, համերգներ տալ, որպեսզի գոնե ինքնաֆինանսավորվեի, որ կարողանայի վարձատրել երաժիշտներին, որոնց հրավիրում եմ: Շուկայի փոքրությունն է պատճառը, որ արտիստները կառչում են մե՛կ քաղաքական գործիչներից, մե՛կ այլ մարդկանցից, իրենք ստիպված են դա անել, որպեսզի այդ մարդիկ իրենց վարձատրեն: Հիմա ես այդ ճանապարհից հրաժարվել եմ, այլ ճանապարհ էլ չկա: Բացարձակապես անհնարին է, ես լիովին կաթվածահար եմ լինում:
-Այս պահին «անգործությա՞ն» եք մատնված:
-Ես իմ գործունեությունը փորձում եմ շարունակել, հորինում եմ, ստեղծում, մշակում, իմ անձնական փողերով ձայնագրվում եմ, բայց դրանից այն կողմ չի անցնում: Ես բեմ դուրս չեմ գալիս, համերգներ, մենահամերգներ չեմ կազմակերպում: Համերգների մաս չեմ կազմում, որովհետեւ ինձ չեն հրավիրում: Իսկ մենահամերգները, որ ինքս էի կազմակերպում, էլ չեմ անում, ցանկություն էլ չունեմ: Էմոցիոնալ առումով էլ զգում եմ, որ իմ երաժշտության համար տեղ չկա մեր երկրում: Ոչ մի կողմից ոչ մի լույս չի երեւում: Միակ լույսը կլիներ այն, եթե կարողանայի դուրս գալ միջազգային շուկա: Ես վստահ եմ, որ իմ երաժշտությունը հենց այդ մակարդակի է, որ կարելի էր առանց ամաչելու ներկայացնել միջազգային փառատոներին:
Հովանավոր էլ չեմ փորձում գտնել, չեմ աղաղակում դրա մասին: Չեմ կարող գնալ պաշտոնյայի կամ օլիգարխի դուռ, մտնել ներս իմ ողջ հասակով, գիտակցությամբ, կանգնել փող ուզել, ինձ էլ ասեն` ոչ: Չեմ կարող անել, չեմ անի:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս