Տեւական ժամանակ է, ինչ հայկական արտահանման կառուցվածքը չի փոխվում: Դա վկայում է այն մասին, որ այդ ոլորտներում վերջին տարիներին լուրջ փոփոխություններ չեն եղել: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ:
-Պարո՛ն Մակարյան, ըստ Ձեր ունեցած դիտարկումների՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանից արտահանումը ի՞նչ փոփոխություններ է կրել:
-Փոփոխությունները կառուցվածքային են, այսինքն՝ այն ապրանքները, որոնք ավանդաբար արտահանվում էին եւ ունեին որոշակի ծավալներ, քիչ չէր: Հանքարդյունաբերությունը շարունակում է արտահանավել: Բայց խմիչքի ոլորտում արտահանման ծավալների նվազում կա: Իսկ թարմ բանջարեղենի առումով հակառակը՝ ավելացում կա, փոխարենը՝ պահածոների արտահանման ծավալներն են նվազել: Այսինքն՝ նույն ապրանքատեսակներն են մնացել, բայց ծավալներն են փոխվել:
-Իսկ ինչպիսի՞ն են փոփոխությունները երկրների կտրվածքով՝ ԵՄ, ԱՊՀ երկրներ, մասնավորապես դեպի ՌԴ…
-Երկրների առումով համարյա էական փոփոխություններ չեն եղել: Շատ չնչին տարբերություն կա: Օրինակ՝ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում, որպեսզի տեղական արտադրողները կարողանան արտահանում իրականացնել դեպի արաբական 4-5 երկրներ՝ չրեղեն, պահածոներ, հյութեր եւ այլ ապրանքատեսակների ուղղությամբ: Հույսեր կան, որ դեպի Իրան նույնպես պայմաններ կստեղծվեն արտահանելու ուղղությամբ: Բայց Բելառուսի հետ մենք համարյա տեղաշարժ չունենք, Ղազախստանի հետ նույնպես: Իսկ ԵՄ երկրների մասով չկա երկու պատճառով. նախ՝ արտահանման համար եվրամիության միջազգային սերտիֆիկատ է հարկավոր կամ GSP+ համակարգից օգտվել: Իսկ այսօր, ցավոք, համարյա ոչ ոք այդ քայլը չի կատարում:
-Պարո՛ն Մակարյան, դեպի ՌԴ արտահանումն ի՞նչ պատկեր ունի, այն դեպքում, երբ այս օրերին ռուբլու փոխարժեքը, կարծես թե, արժեւորվում է:
-Որքան ռուբլին արժեւորվի, այնքան մենք երկկողմանի կօգտվենք. առաջինը՝ տեղական արտադրողները հեշտ կարտահանեն, եւ երկրորդ՝ ռուբլու արժեւորումը որոշակիորեն կսահմանափակի ՌԴ-ից արտահանումը դեպի ՀՀ: Որոշ մթերքներ ՌԴ-ից ներմուծում էին եւ մրցակցում էին տեղական արտադրողների հետ: Այս առումով մեզ շատ ձեռնտու կլինի: Արտահանման տեսանկյունից ՌԴ-ում խմիչք արտադրողներն ունեին էական դժվարություններ: Ավելին՝ արտահանողներ կան, որոնք արտահանում են զուտ ռուսական շուկան չկորցնելու համար, իսկ այս դեպքում գոնե մի փոքր մարժա կառաջանա: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ ռուբլու կայունացումը քաղաքական նշանակություն ունի:
-Ձեր կարծիքով՝ այդ փոփոխությունները ի՞նչ գործոններով են պայմանավորված:
-Նախորդ տարի դեկտեմբերին ռուսական շուկայում ստեղծվեց անկայունությունը, եւ արդեն մեկ տարի անցնում է: Այս ընթացքում մեծ աշխատանք տարվեց: Ի փառս մեր գործատուների, որոնք տեսնելով, որ ռուսական շուկան դեռեւս երկար ժամանակ է տեղական արտադրողների համար լինելու խնդրահարույց, իրենք փորձեցին վերադասավորել: Այսինքն՝ նրանք, ովքեր խմիչք էին արտադրում, սկսեցին արտադրել նաեւ բանջարեղեն: Սկսեցին զարգացնել տարբեր ապրանքային խմբեր: Իրենք այսօր պատրաստ են զրոյական եկամուտով նույնիսկ գրավել ռուսական շուկան, հետո շահույթ ապահովելու քաղաքականությունը պահել:
-Գալիք տարում արտահանման ոլորտում ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում:
-Ցավոք, մեզ մոտ արդյունաբերական մոդեռն արտադրություններ քիչ կամ համարյա չեն զարգանում: Ամեն դեպքում, կարծում եմ, որ բնական արտահանման մեջ նորություններ շատ չեն լինի: Եթե ՌԴ-ի վիճակը լավանա, ապա գինու, կոնյակի, ջրի, պահածոների արտահանման ծավալները կմեծանան: Նոր տեսակի պռոդուկտների ստեղծումը դեռեւս հարցականի տակ է: Ես կարծում եմ, որ էականորեն փոփոխություն չի կրի արտահանումը: Լավագույն դեպքում հնարավոր է՝ մոտ 8 երկիր ավելանա Հայաստանի արտահանման երկրների ցանկում: Հնարավոր է՝ ԱՄՆ-ի դերակատարությունը մեծանա, եթե մենք հետամուտ լինենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքերին եւ բարձրաձայնենք մեր երկրում առկա կոռուպցիայի խնդիրը:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՆՈՐ ՉՎԵՐԹԵՐ
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Քաթարի ավիաուղիները» (Qatar Airways) կանոնավոր չվերթեր կիրականացնի Երեւան-Դոհա ուղղությամբ: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հաջողությամբ ավարտել է բանակցությունները «Քաթարի ավիաուղիների» հետ: Վերջին շրջանում բանակցություններն առավել ակտիվ ընթացք ստացան այն բանից հետո, երբ «Էթիհադ» ավիաընկերությունը հայտարարեց Հայաստանի ուղղությամբ չվերթերը դադարեցնելու մտադրության մասին: Մենք շատ հպարտ ենք, որ «Քաթարի ավիաուղիները», որը երեք տարի անընդմեջ ճանաչվել է տարվա լավագույն ավիաընկերություն, ընտրել է Հայաստանը՝ որպես իր նոր ուղղություններից մեկը: «Քաթարի ավիաուղիները» Միջին Արեւելքի ամենամեծ ավիաընկերություններից մեկն է, ունի մեծ ցանց եւ թռիչքներ է իրականացնում ավելի քան 140 ուղղություններով, շարժակազմը համալրված է ավելի քան 340 ժամանակակից օդանավերով:
ԴԵՌ ՕԳՆՈՒՄ ԵՆ
Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երեւան երթուղու ուղեւորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից 6-ի բուժումը դեռեւս շարունակում է ՌԴ-ում: Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդից մեկը նյարդավիրաբուժական, մյուսը վնասվածքաբանության բաժանմունքում է: Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում բուժվում է երկու հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է կայուն ծանր: Հիշեցնենք, որ վթարից տուժած մի քաղաքացի հարազատների ցանկությամբ բուժումը շարունակում է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում, մյուսը` Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոցում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: