Հայաստանում միկրոբիզնեսը կտուժի. Գագիկ Մակարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում տարածված կորոնավիրուսի պատճառով հայաստանցի աշխատանքային միգրանտները անհարմար դրության մեջ են հայտնվել: Այսինքն այդ մարդիկ, որոնք այս օրերին գնում էին դրսում աշխատում եւ փող էին ուղարկում իրենց ընտանիքներին, կարող է մնան Հայաստանում: Այս կարծիքին է ՀՀ գործատուների միության նախագահ, հանրային խորհրդի անդամ Գագիկ Մակարյանը:

-Պարոն Մակարյան, Հայաստանում մի շարք առեւտրային բանկերի կողմից կիրառվող ՙվարկային արձակուրդը՚ ինչպե՞ս կանդրադառնա քաղաքացիների գրպանի եւ բանկերի գործունեության վրա:

-Համարյա բոլոր ոլորտներում եկամտաբերության անկում կլինի: Ամենից շատ ծառայությունների ոլորտը կտուժի: Առեւտրի ոլորտը նույնիսկ խթանվեց. մարդիկ սկսեցին ապրանքատեսակներ գնել պահելու համար, բայց հետո կարող է անկում գրանցվել նույն՝ առեւտրի ոլորտում: Այսինքն, եթե կորոնավիրուսը կանխարգելվեց, դեմն առան, մարդիկ դեռ իներցիայով տանը ահագին բան կունենան, մի մասը կարող է փչանալ, մի մասն օգտագործվի, բայց կգա մի պահ, որ վակուում կառաջանա: Արդյունաբերական ընկերությունները, եթե մթերքի հետ կապ չունեն, այլ բաներ են արտադրում, չեն կարողանա արտահանել, որովհետեւ տրանսպորտային ուղիներն են խափանվել, երկրներում էկոնոմիկայի վիճակն է վատացել, գնողունակությունն է շեղվել այլ ուղղության վրա. մարդիկ փողն ուրիշ բանի վրա են ծախսում: Հյուրանոցների, տուրիզմի, ռեստորաննների վիճակը, բնականաբար, կվատանա: Եթե դրանց մեջ մենք բանկերին նույնպես դիտարկում ենք տնտեսվարող սուբյեկտներ, ապա իրենք էլ որոշակի կորուստների անկման պատրաստ պետք է լինեն: Իրենք կարող են չորով դնել ու հրաժարվել իրենց տված վարկերի տոկոսադրույքների մարումից, բայց հոգեբանական, բարոյական տեսանկյունից, եթե ամբողջ երկրում եւ բոլոր տնտեսական ճյուղերում լինելու են անկումներ, ապա ինչու բանկերը չհրաժարվեն իրենց եկամտաբերությունից՝ մասնակիորեն կամ որոշակի սառեցնեն: Այսինքն իրենք կարող են կամ հրաժարվել տոկասդրույքներից կամ սառեցնել: Եթե սառեցնւմ են, իրենք չեն տուժում, պարզապես վճարման ժամկետները փոխվում են, հիմա չեն վճարի, կվճարեն մի քանի ամիս հետո: Ինչ վերաբերվում է քաղաքացիների վարկերին, ապա քաղաքացիները շատ կտուժեն, հատկապես միկրո բիզնեսը, որովհետեւ իրենք վարկեր են վերցրել, գնումներ են կատարել մեքենաներ են բերել, ապրանքներ են ներմուծել, որոնք պետք է վաճառեին, ապա գնային նորը բերեին, փաստորեն իրենք մնում են այդ բեռի տակ:

-Վրաստանի կառավարությունը որոշել է չորս ամսով ազատել տուրիզմի ոլորտում գործող ընկերություններին հարկերից: Ձեր կարծիքով, Հայաստանի կառավարությունը կգնա՞ այդ քայլին:

-Ես կարծում եմ, որ պետական մարմինները, պետական եկամուտների կոմիտեն հարկային մասով նույնպես պետք է չհաշվարկի տույժ ու տուգանքներ, հարկերը վճարելու ուշացումների համար, որվհետեւ այսօր շատ հիմնարկներ հայտնվել են այն վիճակում կամ մարդիկ տանից են աշխատելու, բայց գործատուն կարող է շարունակի աշխատավարձը հաշվարկել, քիչ հիմնարկներ կլինեն, որ կասեն՝ գնացեք, տանը նստեք, չեմ վճարելու աշխատավարձ: Հարկային արտոնություններ պետք է տրվեն: Հիմա Հայաստանում գործատուների մեծ մասը կարող է իրենց աշխատողներին չնեղացնելու համար աշխատավարձի ոչ մի փոփոխություն չկիրառի, բայց ինքը շարունակելու է հարկերը վճարել, այսինքն շարունակելու է նույն չափով եկամտահարկ վճարել, ժամանակը գալիս է հարկերը պետք է մուծի՝ ավելացված արժեքի հարկ, շրջանառության հարկ: Ես առաջարկում եմ, որ կառավարությունը որոշում կայացնի, որ պետական եկամուտների կոմիտեն ժամանակավորապես հարկային արտոնություն տա կամ սառեցնի սանկցիաների կիրառությունը:

-Ստեղծված իրավիճակը ինչպե՞ս կարող է անդրադառնալ աշխատանքային միգրացիայի վրա:

-Բոլորը գարնանը մեկնում են աշխատանքային միգրացիայի՝ Ռուսաստան կամ այլ երկրներ, եւ հիմա կարող է պատահել, որ այդ համակարգն էլ խաթարվի. տարբեր երկրների ընդունել-չընդունելու, թռիչքների դադարեցման պատճառով: Այսինքն այդ մարդիկ, որոնք գնում էին դրսում աշխատում, փող էին ուղարկում իրենց ընտանիքներին, կարող է մնան Հայաստանում: Հիմա այդ մարդիկ, եթե չմեկնեն իրենք չեն կարող շարունակել աշխատել դրսում, գումարներ չեն ուղարկի: Պետությունը պետք է այդ մարդկանց զբաղվելու, եկամուտներ ստանալու ինչ որ ճանապարհներ փորձարկի:

-Իսկ նրանք, որոնք արդեն գնացել են, ի՞նչ է իրենց սպասվում: Չէ որ նավթի գների անկման ֆոնին, ռուսական ռուբլին է արժեզրկվել….

-Իհարկե, դա վատ կանդրադառնա, այնպես ինչպես 2014 թվականին վերջին, հիշում եք՝ ահագին ժամանակ վատ վիճակ էր, էլի ինչ որ չափով գումար կլինի, բայց նրանք որոնք չեն գնա կամ կզգուշանան ու կվերադառնան, որովհետեւ ռիսկը մեծ է, ապա այս դեպքում այդ ընտանիքները ոչ մի եկամուտ չեն ունենա: Դրա համար նրանք, որոնք արդեն մեկնել են, թեկուզ ռուբլու արժեզրկման պայմաններում էլ կարող են ուղարկել, բայց քիչ կլինի:

-Այսինքն, չի բացառվում, որ այդ պատճառով տրանսֆերտների ծավալները պակասեն:

-Իհարկե, տրանսֆերտների ծավալների վրա կազդի, անպայման տրանսֆերտների անկում կլինի, որովհետեւ Հայաստանում տրանսֆերտների 85 տոկոսը Ռուսաստանին է բաժին ընկնում: Տրանսֆերտների պակասն էլ բերում է մուլտիպլիկատիվ տնտեսական բացասական ազդեցության, որովհետեւ եթե այդ փողերը չեն գալիս Հայաստան, ապա մարդիկ այն չեն ծախսում առեւտրի մեջ, շուկայում, տնտեսության մեջ, որոնք որ մուլտիպլիկատիվ ձեւով կարող են դրական ազդեցություն ունենալ:

Զրուցեց Սյունէ Համբարձումյան




Լրահոս