Մաքրենք համակարգը հոգեբուժարանի շահառուներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 9-ին Երևանում Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն:
Ի պաշտպանություն Արմեն Մարտիրոսյանի բողոք ակցիան շարունակվում է: “Արմեն Մարտիրոսյանը ինքնապաշտպանվել է, օրինական քաղաքացի է և գործել է միայն օրենքի տառին համապատասխան, օրենքի շրջանակներում”,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց քաղաքացիական ակտիվիստ, “Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը: Նա նաև անդրադարձավ վերջին շրջանում լրատվական այն հրապարակումներին, որոնցով փորձ է արվում ներկայացնել այնպես, որ ոչ թե ծեծել են Արմեն Մարտիրոսյանին, այլ ծեծկռտուք է տեղի ունեցել, և առաջին հարվածողը Արմեն Մարտիրոսյանն է եղել:
“Չեմ կարծում, որ որևէ պարկեշտ քաղաքացի կարող է ասել, որ Արմեն Մարտիրոսյանն է եղել առաջին հարվածողը: Նա ինքնապաշտպանվել է և իր իրավունքից է օգտվել, և մեր պահանջը հատուկ քննչական ծառայություններից այն է, որ ծեծող ոստիկանների նկատմամբ գործողություններ ձեռնարկվեն… նման ոստիկանների տեղը հոգեբուժարանն է և ոչ թե ոստիկանությունը, նրանք հոգեբույժի կարիք ունեն և հոգեբուժարանի շահառու են համարվում: Մեր համակարգը պետք է մաքրել այդպիսիններից: Մեզ պետք է անհապաղ ազատվել վայրագ ոստիկաններից, ովքեր ոստիկանի աշխատանքը չեն կարող պատկերացնել առանց վայրագությունների՝ օրենքի շրջանակներումե:
Նշենք նաև, որ Դավիթ Սանասարյանը այն ակտիվ քաղաքացիների շարքում է, ովքեր այս պահին իրականացնում են բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արմեն Մարտիրոսյանի: Նա բողոքի ցույցի է գնացել` իր հետ տանելով ոստիկանի համազգեստով մի խրտվիլակ`իր քայլը մեկնաբանելով այսպես. “Մենք չենք ցանկանում, որ մեր ոստիկանները նմանվեն այդ “չուչելներին”: Նրանք պետք է հարգեն և պաշտպանեն քաղաքացու իրավունքները”:
Դատախազության դիմաց տեղի ունեցող ակցիային միացել է նաեւ պաշտոնաթող ոստիկան, կոչումով մայոր Ջուլիետա Գեւորգյանը:
Վերջինս ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասաց. “Ես հիմա չեմ կարող ասել, թե յուրաքանչյուր ոք, ով այդ համազգեստը հագնում է, ինչ ցանկություններ ունի: Լինելով նախկին ոստիկան` ես հիմա ցավ եմ ապրում, որ մասնակցում եմ այս ակցիային, քանի որ ոստիկանների մեջ կան նորմալ, պարկեշտ, հայրենասեր մարդիկ, ովքեր ուզում են ծառայել հայրենիքին, բայց դրա հետ միասին կան եւ այնպիսի ոստիկաններ, որոնք, իրոք, խայտառակ են անում այդ կոչումը, այն համազգեստը, որը կրում են, որովհետեւ իրենք գաղափար չունեն, թե դա ինչ ասել է”,- նշեց Ջուլիետա Գեւորգյանը:
Նա կոչ արեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` հորդորելով եւ խնդրելով նրանից` անհապաղ ազատվել նմանատիպ ոստիկաններից: “Մաքրեք համակարգը նման ոստիկաններից, ոստիկանները պետք է ծառայեն համակարգին եւ ոչ թե կլանային խմբերին”:
Ջուլիետա Գեւորգյանը հայտնեց նաև, որ համակարգից սեփական դիմումի համաձայն է դուրս եկել:




Լրահոս