Իսկ ուր էր Հասմիկ Պողոսյանը, երբ Օպերայի հրապարակը վերածում էին կիրակնօրյա տոնավաճառներին կից զվարճահրապարակի. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին «Նոր Հայաստան» փրկության ճակատը դիմել էր ՀՀ մշակույթի նախարարությանը՝ Ազատության հրապարակում վրաններ տեղադրելու թույլտվության խնդրանքով, որը, սակայն, մերժվեց մշակութային հուշարձանները վնասելու անհեթեթ պատճառաբանությամբ: Երեկ էլ այդ կապակցությամբ լրագրողների հարցին ի պատասխան՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը փորձել է հիմնավորել նախարարության դիրքորոշումը` ասելով. «Դրանք վնասում են հուշարձաններին: Կարող եք մեր ծառայություններից վերցնել լուսանկարները եւ տեղեկանալ, թե բոլոր հանրահավաքներից հետո ինչ վիճակում են հայտնվում հուշարձանները, Օպերայի թատրոնի շենքի պատերը: Ի վերջո, մենք պետք է մտածենք, որ այդ հրապարակը թատերական հրապարակ է եւ պետք է ծառայի մշակույթին: Շատ անգամ նույնիսկ մամուլում հայտնվում են լուսանկարներ, որոնցում հայտնվում են տեսարաններ, թե Օպերայի պատի վրա ինչ է կատարվում, եւ մեղադրում են մշակույթի նախարարությանը, բայց երբ մշակույթի նախարարությունը պաշտպանում է հուշարձանի շահերը, ասում են՝ ինչու եք պաշտպանում»:

Փաստորեն, մշակույթի նախարարը հուզվում է` վնասված մշակութային արժեքների լուսանկարներից եւ փորձում պաշտպանել հուշարձանների շահերը: Իհարկե, կոնկրետ Հասմիկ Պողոսյանի դեպքում նման պնդմանը, անգամ մեծագույն ցանկության դեպքում, դժվար է հավատալ, բայց եթե, այնուամենայնիվ, ընդունենք, որ դա այդպես է, ապա հարց է առաջանում` ինչու մշակույթի նախարարությունը եւ անձամբ Հասմիկ Պողոսյանը այդպես էլ որեւէ գործուն քայլ չարեցին, երբ Երեւանում հիմնովին փոխվեց մշակութային հուշարձան համարվող Փակ շուկան: Ինչու տիկին նախարարը մատը մատին չխփեց, երբ ապամոնտաժվեց դարձյալ մշակութային հուշարձան համարվող Աֆրիկյանների տունը եւ էլի երեք տասնյակ նման հուշարձաններ միայն քաղաքի կենտրոնում: Այս ցանկը կարելի է շատ երկար շարունակել` ընդգրկելով Հասմիկ Պողոսյանի կողմից «պաշտպանված», պետական փողերով «եվրառեմոնտ» արված, կամ էլ Գարեգին Բ-ի բնորոշմամբ` սարերում կորած եկեղեցիներն ու վանքերը, որոնց մասին անգամ կաթողիկոսը չի ցանկանում հոգ տանել:

Ուստի հիմա այս ինչ հուշարձանասիրական խեղկատակություն է, որը ներկայացվում է որպես մշակույթի նախարարության պաշտոնական դիրքորոշում: Ի վերջո, եթե Օպերայի հրապարակը «թատերական հրապարակ է եւ պետք է ծառայի մշակույթին», ինչպես պնդում է որոշ մշակութային հուշարձաններից ավելի երկարակյաց մշակույթի նախարարը, ապա լավ կլինի, որ նա այդ մասին հիշի նաեւ այն ժամանակ, երբ ամիսներ շարունակ այդ նույն հրապարակում տեղադրված տարաբնույթ ատրակցիոններն ու սպորտային սարքավորումները այդ հրապարակը վերածում են կիրակնօրյա տոնավաճառներին կից զվարճահրապարակի:




Լրահոս