ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԺՈՒԿ-ԻՑ
ԺՈՒԿ փոխնախագահ Վարդան Գրիգորյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացրել է կուսակցությունից դուրս գալու մասին. «Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ինքս չեմ ընդունում կուսակցության որդեգրած նորովի քայլերն ու գործունեությունը, որը շատերին տանում է անորոշության ու կուսակցական նախատեսված ծրագրերից շեղման: Հաշվի առնելով անհամաձայնությունս մի շարք լրատվամիջոցներով վերջերս տարածված հայտարարությանը «ՀԱԿ կուսակցությունների միավորման քաղխորհրդի» գործելաոճի հետ` կայացրել եմ ծանր որոշում»:
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Բարեւ, Երեւան» դաշինքի 18-րդ համարը զբաղեցնող Աննա Ուզունյանին ստիպել են ազատվել գրադարանավարուհու իր աշխատանքից, քանի որ ընդդիմադիր է: «Ես աշխատում էի Քանաքեռ-Զեյթունի կենտրոնացված գրադարանային համալիրի Մոնումենտի մասնաճյուղում: Մարտի 25-ին՝ օրվա վերջում, տնօրենը կանչեց ինձ: Շատ լավ աշխատել եմ 2 տարի: Աշխատանքից գոհ են եղել: Նորմալ տնօրեն էր, ոչ մի խնդիր չկար: Ամսի 25-ին, երբ արդեն կարդացել են ցուցակում, որ ես «Բարեւ, Երեւան» դաշինքի 18 համարն եմ, ըստ երեւույթին արդեն համայնքի ղեկավարը տնօրենին կանչել եւ զգուշացրել էր: Չգիտեմ ինչի գրադարանը պետք է լինի հենց Հանրապետական կառույց»,-«Առավոտ»-ին պատմել է Ուզունյանը:
ՓՈՂ ՉԿԱ՞
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` վերջին օրերին խառնաշփոթ է տիրում շինանյութ եւ լոգարանի կերամիկական ապրանքներ վաճառող «Իդեալ» խանութների ցանցում: Այնտեղ աշխատողների կրճատումներ են տեղի ունենում, եւ աշխատավարձերի վճարումն ուշացնում են:
Բանն այն է, որ, մամուլի հրապարակումների համաձայն, «Իդեալ» խանութների ցանցի համասեփականատերը մեծ շահաբաժնով Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանն է: Բայց անցած շաբաթ նրա պաշտոնանկությունից հետո, հասկանալիորեն, առեւտրի այս խոշոր ցանցի նկատմամբ հովանավորությունը դադարել է: «Իդեալ»-ը հայտնվել է «անտեր» վիճակում ու, բիզնես ոլորտում կորցնելով որոշակի արտոնություններ, կարող է չդիմանալ մրցակցությանը: Հավանաբար հենց դրա համար էլ ընկերությունում որոշել են առայժմ կրճատումներ անելով սահմանափակել ֆինանսական ծախսերը:
ՏԱՐՈՆԱՍԵՐ ԱՐԾԻՎՆԵՐԸ
«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը Երեւանի ավագանու ընտրություններում պաշտպանում է ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին:
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՂ ՉՈՒՆԻ
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններին չմասնակցեց գումար չունենալու պատճառով։ Այս մասին երեկ ասել է ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Դիտարկմանը, թե նա պատճառաբանում էր տարիքը, վերջինս հակադարձել է, թե տարիքը նրանց համար էր ասված, ովքեր կհավատային, բայց այնտեղ նշվում էր նաեւ «մի շարք այլ տեխնիկական պատճառներով»։