Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 38-րդ տուրում առաջատարներ Գյումրու «Շիրակ»-ն ու Երեւանի «Միկա»-ն միավորներ կորցրին:
«Միկա»-ն արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեց «Արարատ»-ին, իսկ «Շիրակ»-ը հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց գործող չեմպիոն «Ուլիս»-ի հետ՝ 0:0: Մինչ այդ «Իմպուլս»-ը 1:0 հաշվով հաղթել էր «Փյունիկ»-ին, իսկ «Բանանց»-«Գանձասար» հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1: «Շիրակ»-ն ունի 78 միավոր եւ շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Միկա»-ն 73 միավորով մնաց երկրորդ տեղում: Մինչ Հայաստանի առաջնությունը մոտենում է եզրագծին, որոշվել են նաեւ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցները: Գյումրու «Շիրակ»-ն ու Երեւանի «Փյունիկ»-ը մայիսի 7-ին «Հրազդան» մարզադաշտում կորոշեն գավաթակրին:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանից մեր երկրի առաջնությունը կանցկացվի Եվրոպայում ընդունված աշուն-գարուն մրցակարգով, որը, ի դեպ, չեն ողջունում շատ մասնագետներ: Փաստորեն, ամռան ամիսներին, երբ հայաստանյան հատուկենտ մարզադաշտերը գտնվում են քիչ թե շատ բարվոք վիճակում, երբ նաեւ եղանակային պայմաններն են թույլ տալիս անցկացնել հանդիպումներ, հայկական ֆուտբոլում արձակուրդ է լինելու: Իսկ առաջնությունը կսկսվի աշնանային անձրեւների հետ: Գուցե եվրոպական որոշ երկրների եղանակային պայմանները եւ մարզադաշտերի վիճակը թույլ են տալիս առաջնությունն անցկացնել աշուն-գարուն մրցակարգով, բայց, օրինակ, մեզ մոտ, Ռուսաստանում եւ մի շարք այլ երկրներում նման մրցակարգը դժվար թե արդյունավետ լինի:
ՊԵՏՔ ՉԷ ՆՄԱՆՎԵԼ ԵՎՐՈՊԱՅԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ