ԳՅՈՒՄՐԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԹԻՐԱ՞Խ, ԹԵ՞ ՎԵՆԴԵՏԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում տարբեր գերդաստանների միջեւ զինված պայքարն ու օրը ցերեկով փոխհրաձգությունները դարձել են սովորական երեւույթ: Հերթական նման դեպքը տեղի է ունեցել երեկ՝ Գյումրու կենտրոնական թաղամասերից մեկում՝ «10-հարկանի» կոչվող թաղամասում: Միայն թե երեկվա միջադեպը նախորդներին գերազանցել է տեւողությամբ՝ փոխհրաձգությունը տեւել է մոտ 20 րոպե: Գլխավոր հերոսներն անփոփոխ են՝ մի կողմից նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շրջապատն է որդու՝ Սպարտակ Ղուկասյանի գլխավորությամբ, մյուս կողմից՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի շրջապատը:
Ըստ ականատեսների` կրակոցների հեղինակները Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տղան` Սպարտակ Ղուկասյանն ու եղբորորդին` Նիկոլայ Ղուկասյանն (Կոլիկը) են, որոնք կրակել են Մարտուն Գրիգորյանի շրջապատի ներկայացուցիչներ Հարություն Խաչատրյանի (Քավոր Հարութի) տան եւ թաղային հեղինակություն Արտյոմ Կարապետյանի (Շեկոյի) վրա: Ա. Կարապետյանը ստացված վնասվածքներից հիվանդանոցում մահացել է, իսկ Հ. Խաչատրյանը՝ վիրահատվել: Նրա վիճակը ծանր է:
Այս աղմկահարույց դեպքն իրականում շատ խորը արմատներ ունի: Դեռեւս 2013թ. փետրվարի 10-ին գլխի վնասվածքով Գյումրու նորաբաց բժշկական կենտրոն էր տեղափոխվել Վարդան Ղուկասյանի եղբորորդին` Նիկոլայ Ղուկասյանը: Հիվանդանոցում մեկ ժամ մնալուց հետո վերջինս շտապել էր դուրս գրվել` ոստիկանությանը հայտնելով, որ իրեն ոչ ոք չի խփել, այլ գլխին սառույցի կտոր է ընկել եւ պատռել: Սակայն Գյումրիում համառորեն լուրեր էին շրջանառվում, որ նրա գլուխը սուր գործիքով պատռել է Քավոր Հարութի 18-ամյա որդին` Գեւորգ Խաչատրյանը, որը լողի գծով սպորտի վարպետ է: Նշենք, որ Հ. Խաչատրյանը պատգամավոր Մարտուն Գրիգորյանի սպանված հորեղբոր` Սերոբի երեխաների կնքահայրն է:
Իսկ թե ինչու է 18-ամյա երիտասարդը կռվել ու վնասել 31-ամյա Նիկոլայ Ղուկասյանին՝ Կոլյային, Գյումրիում հետեւյալ պատմությունն էր շրջանառվում: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Վ. Ղուկասյանի կրտսեր աղջիկն է պատճառը, որին «հավանել է» Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անահիտ Կարապետյանի որդին, որը ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մտերիմն է:
Գյումրեցիներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Այս երկու ընտանիքների միջեւ մշտապես թշնամանք է եղել, ու լուրջ ռազբորկաներ են ունեցել: Եվ երեկվա դեպքն այս ամենի շարունակությունն է»: Ըստ նրա՝ Շեկոն դեռեւս ԱԺ ընտրություններից առաջ հարաբերություններ էր պարզում Վ. Ղուկասյանի կողմնակիցներից մեկի հետ, որը սպորտդպրոցի տնօրեն, ՀՀԿ-ական Հովհաննես Մկրտչյանն էր՝ Տանկ մականվամբ:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ տեղի ունեցածը անմիջական կապ ունի նաեւ Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության հետ: Քանի որ ժամանակին փեսայի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանը մտերիմ է եղել ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի հետ, եւ Վ. Ղուկասյանը հայտարարել էր, թե սպանությունը քաղաքական է, ուղղված իր դեմ, որի մեղավոը Շեկոն է: Կա նաեւ տեսակետ, որ ապրիլի 21-ին Գյումրիում տեղի է ունեցել Վ. Ղուկասյանի աղջիկներից մեկի հարսանիքը, եւ այդ ժամանակ եւս մի փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել, ու հարսանիքը չհարամելու համար ներկաները հանդարտեցրել են կռիվ հրահրողներին, որը շարունակվել է երեկ:
Թե որն է երեկվա կրակոցների պատճառը, ոստիկանները դեռ կպարզեն, միայն փաստենք, որ գյումրեցիները երեկ շատ վախեցած էին:
«20 րոպե տեւեցին այդ կրակոցները, սարսափելի էր, մարդիկ մտել էին ամեն մեկը մի անկյուն, խանութներում բոլորը պառկած էին, որ հանկարծ գնդակը չկպներ իրենց»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Գյումրու բնակիչներից մեկը:
Հիշեցնենք, որ սա Սպարտակ Ղուկասյանի հետ կապված միակ աղմկահարույց դեպքը չէ: Դեռեւս 2012թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Գյումրու Սայաթ-Նովայի եւ Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց տեղի էր ունեցել վիճաբանություն, որին մասնակցել էր նաեւ Գյումրու նախկին քաղաքապետի որդին՝ Ս. Ղուկասյանն իր ընկերների հետ: Վիճաբանողները ծեծել էին միմյանց եւ կրակոցներ արձակել: Ս. Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ (խուլիգանություն) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով (ապօրինի զենք-զինամթերք պահելը, կրելը), սակայն նա երկար ժամանակ փախուստի մեջ մնալուց հետո վերադարձավ եւ ստորագրությամբ ազատ արձակվեց: Իսկ նախաքննությունը դեռ ընթանում է եւ ընթանում:
Երեկ տեղի ունեցած կրակոցներից ժամեր անց Բագրատաշենի անցակետի տարածքից ոստիկանները բերման ենթարկեցին Վարդան Ղուկասյանի եղբոր` Գեւորգ Ղուկասյանի որդուն` Նիկոլայ Ղուկասյանին: Իսկ ավելի ուշ բերման ենթարկվեցին նաեւ Վարդան Ղուկասյանը, տղան՝ Սպարտակը՝ 7 հոգու հետ միասին: Այս փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի հատկանիշներով (սպանություն):
Հ.Գ. Այն, որ Վարդան Ղուկասյանի ընտանիքը մշտապես նման պատմությունների մեջ է հայտնվում, նորություն չէ: Գյումրին վաղուց է նմանվել Սիցիլիային, եւ նման դեպքերը կկրկնվեն, քանի դեռ չեն զինաթափվել քաղաքի քրեական հեղինակություն համարվող այդ գերդաստանները: Եվ այն վիրավորանքը, որն ապրեցին գյումրեցիները 20 րոպե շարունակ, կրում են ոստիկանները, որոնց կրակողները պարզապես հաշվի չեն առնում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս