Մովսես Խորենացու անվան համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում ընթացքի մեջ է փորձագիտական խմբի այցը Երևանի Մ. Խորենացու անվան համալսարան:
Դեկտեմբերի 14-17-ը փորձագիտական խումբը Երևանի Մ. Խորենացու անվան համալսարանում հանդիպում-քննարկումներ կունենա բուհի ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների և շրջանավարտների հետ, կիրականացնի ռեսուրսների դիտարկում:

Փորձագիտական խմբի ղեկավարն է ՀԱԱՀ Կրթական բարեփոխումների, ռազմավարական պլանավորման և որակի վերահսկման վարչության պետ, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արա Ամիրյանը: Փորձագիտական խմբի մյուս անդամներն են Լեհաստանի հավատարմագրման հանձնաժողովի փոխնախագահ, տնտ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Միեչեսլավ Սոխան, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դոցենտ, տնտ. գիտ. թեկնածու Հասմիկ Հովհաննիսյանը, ՃՇՀԱՀ Կրթական բարեփոխումների ապահովման բաժնի պետ, տեխն. գիտ. թեկնածու Անգին Մարտիրոսյանը և ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Հանրային կառավարում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մելինե Գևորգյանը:
Հավատարմագրման գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը:

Մինչ բուհ այցելությունը փորձագիտական խումբն ուսումնասիրել է ուսումնական հաստատության ինքնավերլուծությունը: Այցից հետո փորձագիտական խումբը կամփոփի արդյունքները և վերջնական զեկույց կներկայացնի: Դրա հիման վրա բուհը կկազմի փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագիր:
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, հիմնվելով բուհի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և բուհի կազմած թերությունների վերացման ծրագրի վրա, որոշում կկայացնի:




Լրահոս