Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի պաշտպանության նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

:Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 17-­ին ընդունել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ.
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:

Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունել է երկու երկրների Պաշտպանության նախարարությունների միջև ձևավորված համագործակցությունը` հույս հայտնելով, որ այն պտղաբեր կլինի և կնպաստի երկու բանակների հզորացմանը և հմտությունների առավել զարգացմանը: Վեհափառ Հայրապետն ի մասնավորի անդրադարձել է պատմության ընթացքում հայ և հույն ժողովուրդներին բաժին ընկած դժվարություններին և այսօրվա մարտահրավերներին:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը խոսել է ՀՀ­ում Հունաստանի դեսպանատան հետ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ջերմ հարաբերությունների
մասին, որի աջակցությամբ Մայր Աթոռի միաբաններին կրթաթոշակներ են հատկացվում Աթենքի Աստվածաբանական համալսարանում ուսումը
շարունակելու համար: Նախարար Պանոս Կամմենոսն իր հերթին շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար: Մասնավորապես, Կամմենոսն անդրադարձել է երկու ժողովուրդների պատմական անցյալին և երկու երկրների, մասնավորապես, ռազմական ոլորտում Պաշտպանության
նախարարությունների միջև ներկայիս ձևավորված սերտ գործակցությանը:

Ամենայն Հայոց կաթողիկոսը և նախարարը խոսել են նաև Հայաստանյայց առաքելական և Հույն ուղղափառ եկեղեցիների ջերմ հարաբերությունների մասին:
Այս առիթով Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ տեղեկացրել է Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցի և Սրբալույս Մյուռոնի օրհնության կապակցությամբ Մայր Աթոռում կազմակերպված միջոցառումներին Հույն ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների մասնակցության և Հայ եկեղեցուն ու
ժողովրդին բերած զորակցության մասին:

Ամենայն Հայոց կաթողիկոսը ներկայացրել է նաև ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գործունեությունը: Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:




Լրահոս