Ինչո՞ւ գոնե ձևական մասն ապահովելու համար պատգամավորները հանրաքվեի կեղծիքները իրավական դաշտում վիճարկելու հնարավորություն չտվեցին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

131 պատգամավորներից բաղկացած ՀՀ Ազգային ժողովում այդպես էլ հնարավոր չեղավ համախմբել 27 պատգամավորների, որպեսզի հասարակության մոտ լեգիտիմության խնդիր ունեցող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները հնարավոր լիներ բողոքարկել: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանի նախաձեռնած ստորագրահավաքին միացան ընդամենը 19 պատգամավորներ, որոնցից երկուսը՝ արտերկրից, ֆաքսի միջոցով: Իհարկե, մի երկուսն էլ ինչ-որ նախապայմաններ առաջ քաշեցին, թե կմիանան ստորագրահավաքին միայն այն դեպքում, երբ ՀԱԿ-ն ընդունի իր իշխանության օրոք կեղծված հանրաքվեն կամ այն ժամանակ, երբ զգա, որ իրենց ձայնը վճռական լինի: Երեկ լրացավ ստորագրահավաքի վերջնաժամկետը, եւ միայն մոտ երկու տասնյակ պատգամավորներ տեր կանգնեցին իրենց ստորագրությանը ու ընդառաջ գնացին հասարակական կարծիքին. այսօր ամեն 2-րդ քաղաքացու համար պարզ է, որ հանրաքվեի արդյունքները կեղծվել են:

Իհարկե, հնարավոր չէ պատկերացնել, որ սահմանադրական փոփոխությունները գրած մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը թույլ կտար իր կողմից ղեկավարվող Սահմանադրական դատարանում անկողմնակալ քննություն իրականացվեր դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքները քննելիս (եթե բողոքը մտներ ՍԴ, Հարությունյանը ստիպված էր լինելու, որպես շահագրգիռ կողմ, ինքնաբացարկ հայտնել): Բայց մյուս կողմից նորանկախ Հայաստանի պատմության մեջ դեռ չի եղել մի ընտրություն, որ սահմանադրական դատարանը կեղծիքները քննելիս ոչ իշխանահաճո որոշում կայացնի: Նա ավանդաբար եղել է ընտրակեղծիքները օրինականացնելու ամենավերջին օղակը:

Եւ ուրեմն ի՞նչն էր խնդիրը, որ գոնե ձեւական մասը ապահովելու համար իրենց ազգընտիր հռչակած պատգամավորները ընտրողների կասկածները փարատելու փորձ անելու համար անգամ չհամարձակվեցին կամ անհրաժեշտություն չգտան որեւէ քայլ անել: Այս հարցի պատասխանը թերեւս այն իրականությունն է, որում մենք ապրում ենք, եւ որը վաղուց «պաշտոնապես հռչակվել» է որպես «գաղջ մթնոլորտ»:

Բանն այն է, որ այսօր մեր երկրում ամեն քայլ, ամեն խոսք, ամեն ժեստ անձնավորվում է. եթե ՀԱԿ-ն է կազմակերպել (նշանակություն չունի, թե ինչ), ուրեմն պետք է տապալվի, եթե Զարուհի Փոստանջյանն է խոսում, ուրեմն պետք է անջատել նրա խոսափողը, եթե ՀՅԴ-ն է որեւէ հայտարարություն անում, չպետք է հավատալ եւ այսպես շարունակ:
Ու այս տխուր իրականությունը հանգեցրեց այն փաստին, որ դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի կեղծիքները իրավական դաշտում վիճարկելու հնարավորություն անգամ գործող խորհրդարանի պատգամավորները չտվեցին հասարակությանը: Ու այստեղ ամենեւին էլ կարեւոր չէ՝ նախաձեռնողն ով էր, քանի որ խնդիրը տարբեր դիտորդների կողմից արձանագրված լայնամասշտաբ կեղծիքները քննարկելուն էր վերաբերում ընդամենը:




Լրահոս