2015թ. ավարտին քիչ ժամանակ է մնացել: Տարին ամփոփելիս անհրաժեշտ է նաև հետադարձ հայացք ձգել Ազգային ժողովի աշխատանքին և հասկանալ, թե ավարտվող տարում, որ պատգամավորն ինչպես է աշխատել և ինչ գործունեություն է ծավալել:
Օգտվելով Parliamentmonitoring.am կայքի հրապարակած տվյալների ներկայացնում ենք 2015թ.Ազգային ժողովի նիստերից ամենաշատը բացակայած պատգամավորների տասնյակը: Ուսումնասիրվել են Փետրվարի 2-ից մինչև դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած քառօրյա նիստերը:
Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ և և ութերորդ նստաշրջանի աշխատանքներից ամենաշատը բացակայել են`
ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը (170 անգամ), ում` նիստերին ներկա չգտնվելն արդեն նորություն չէ ոչ ոքի համար: ՀՀԿ Գործադիր մարմնի հայտնի նիստի ժամանակ այդ մասին ակնարկել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և հանձնարարել ուսումնասիրել, թե որքանով են այդ բացակայությունները հարգելի: Հայտնի իրադարձություններից հետո դրանք դարձան հարգելի, իսկ Ծառուկյանն էլ չարիքից կրկին վերածվեց բարեգործի:
Այս նույն ժամանակահատվածում ամենաշատ բացակայած պատգամավորների տասնյակում երկրորդ տեղն է զբաղեցնում Վարդան Օսկանյանը (157 անգամ), ով էլ այս նույն հայտնի իրադարձություններից հետո հեռացավ ԲՀԿ-ից, սակայն չհրաժարվեց մանդատից: Նկատենք, որ նրա բացակայությունների շրջանը համընկնում է հենց փետրվարյան հայտնի իրադարձությունների հետ, երբ պատգամավորները խուսափում էին դեմ առ դեմ հանդիպել լրագրողներին և պատասխանել հարցերի: Հավելենք, որ Օսկանյանն ամենաչխոսկան պատգամավորների թվին է դասվում, որ մշտապես խուսափում է պատասխանել լրագրողների հարցերին` գերադասելով պահպանել իր ասած «ինտրիգը»:
Վարկանիշի հաջորդ ներկայացուցիչը ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն է, ով նիստերից բացակայել է 151 անգամ: Հիշեցնենք, որ նա Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի խնամին է, ով, սակայն խնդիրներ է ունեցել Ֆինանսների նախարարության հետ և հայտնվել պարտքերի տակ: Կարող ենք փաստել, որ նրա` նիստերից բացակայելու պատճառը նաև նեղացվածությունն է իր կուսակիցներից և իհարկե խնամուց:
Հաջորդ հորիզոնականն է զբաղեցնում պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Նա նիստերից բացակայել է 102 անգամ: Արսենյանը գերադասում է զբաղվել բիզնես գործունեությամբ և խորհրդարանի նիստերից նրա բացակայությունը հենց այդ պատճառով է: Նա ավելի շատ իր բիզնեսների ղեկավարմամբ է զբաղվում, իսկ Ազգային ժողովում էլ ակտիվանում է հենց այն ժամանակ, երբ քննարկվում են իր բիզնեսին սերտ առնչվող օրենսդրական նախագծեր:
Տավուշից պատգամավոր ընտրված Մարինե Մարաբյանն ընդհանուր առմամբ նիստերից բացակայել է 98 անգամ: Նա այն պատգամավորների թվին է դասվում, ովքեր այս ընթացքում ԱԺ ամբիոնից կամ լրագրողների հետ զրույցում ոչ մի բառ չեն ասել: Մարաբյանին նույնիսկ իր գործընկերները չեն ճաչանում, այդ թվում նաև ԱԺ նախագահ գալուստ Սահակյանը, ով պատգամավորին շփոթել էր լրագրողների հետ: Սակայն ոչ վաղ անցյալում «Գրանդ Հոլդինգ»-ի աջակցությամբ պատգամավոր դարձած Մարաբյանն իր ընտրողներին մի շարք խոստումներ է տվել: Մարինե Մարաբյանն, ներկայացնելով իր նպատակները, ասել էր, որ ԱԺ -ում իր առաջնահերթ խնդիրը լինելու է հայրենական արտադրության և գյուղացիության շահերի պաշտպանությունը, սակայն դրա փոխարեն նա գերադասում է ոչ մի բառ չասել, այլ գալ խորհրդարանում «կոճակ» սեղմել և 10 րոպե անց հեռանալ:
Հաջորդ հորիզոնականում է ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով ընդհանուր առմամբ հինգերորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ և ութերորդ նստաշրջաններից բացակայել է 96 անգամ: Սակայն նրա բոլոր 96 բացակաները համարվել են հարգելի, որովհետև պատգամավորը գործուղումների է եղել:
Ազգային ժողովի պատգամավոր Կարո Կարապետյանը նիստերից բացակայել է 85 անգամ: Վերջինս ևս ակտիվորեն զբաղված է բիզնես գործունեությամբ և խորհրդարանի նիստերն իրեն չեն էլ հետաքրքրում: Բացի դա, Վերնիսաժի հայտնի դեպքերից հետո, երբ կալանավորվեց նրա փեսան` Գոռ Առաքելյանը, նա «նեղացած» կեղվածք է ընդունել:’
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը խորհրդարանից նիստերից բացակայել է 84 անգամ: Նա 2007-2012թթ. եղել է «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն և խորհդարանում հանդիսանում է նրանց ներկայացուցիչը: Ինչպես հայտնի է` նշված ձեռնարկությունում այժմ կարծես թե վերադասավորումների շրջան է և Բաբայանի` նիստերից բացակայելու պատճառները կարող են սերտ կապ ունենալ այդ ամենի հետ:
Հաջորդ հորիզոնականն է զբաղեցնում ընդդիմադիր պատգամավոր Լևոն Զուրաբյանը, ով նիստերից բացակայել է 81 անգամ: Այս բացակայութունները նախ եղել են այն ժամանակ, երբ ՀԱԿ խմբակցությունը բոյկոտել է նիստերը, իսկ մյուս բացակայություններն էլ կապված են քաղաքական վերադասավորումների հետ, երբ ընդդիմադիր պատգամավորները նաև իրենց մեջ քննարկումների կարիք ունեին:
Ցուցակի վերջին հորիզոնականն է զբաղեցնում ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով բացակայել է 80 անգամ: Վերջինս նույնպես զբաղված է բիզնես գործունեությամբ և Ազգային ժողովի նիստերին կամ չի մասնակցում, կամ գալիս է միայն քվեարկելու համար:
Չնայած, որ ամենաշատը բացակայած պատգամավորների վարկանիշն ունի այս տեսքը, սակայն կան մեծ թվով այնպիսի պատգամավորներ, ովքեր իրենց պարտքն են համարում Ազգային ժողովում երևալ միայն առաջին 10-15 րոպեն, երբ տեղի է ունենում նախագծերի քվեարկությունից: Դրանից անմիջապես հետո նրանք գեղեցիկ շարքով միաժամանակ դուրս են գալիս նիստերի դահլիճից և արագ հեռանում` խուսափելով լրագրողներից: