Վերջերս գործարկվել է Իջեւանի քաղաքապետարանի ինտերնետային կայքը՝ ijevancity.am: Քաղաքապետարանի ինտերնետային նախկին կայքը՝ ijevan.am, գրանցված է եղել անհատ անձի անունով: Իջեւանի քաղաքապետարանից ասացին, որ 2012թ. սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո, երբ Իջեւանում քաղաքապետի փոփոխություն եղավ, անհատ անձը կայքը քաղաքապետարանի նոր կազմի համար փակ է դարձրել: Ինչեւիցե, ստեղծվել է նոր կայք, որը «Ֆեյսբուք»-ի «Ազատ Տավուշ» խմբում հետաքրքրություն է առաջացրել: Աննա Խաչատրյան անունով օգտատերը գրել է, որ կայքը հագեցած է ինֆորմացիայով եւ իրեն շատ դուր է եկել: Իսկ իջեւանցի Սլավիկ Ալավերդյանը նկատել է. «city սովորաբար վերագրում են մեծ քաղաքներին, իսկ Իջեւանի պարագայում ավելի ճիշտ է գործածել town»: 20 հազար բնակիչ ունեցող Իջեւան քաղաքի մշակութային կայքում վերջին նորությունը քաղաքային զբոսայգում Դոդոյի արձանի տեղադրման մասին է: Դոդոն՝ Գուրգեն պապը, երկար տարիներ եղել է Իջեւանի քաղաքային զբոսայգու պահակը եւ մշտապես փակել է անասունների մուտքը զբոսայգու տարածք: Բազմիցս գրել ենք, որ վերջին տարիներին Իջեւանի քաղաքային զբոսայգին դարձել է անասունների արոտատեղի, այնտեղ տեղադրված շատ քանդակներ բարբարոսների կողմից ջարդվել են, այգում երբեմն հավաքվում են հարբեցողները՝ միասին «կոնծելու»: Մասնավոր միջոցներով կառուցված, իջեւանցի քանդակագործ Արմեն Դավթյանի կողմից կերտված Դոդոյի արձանի հանդիսավոր բացումը դեռ չի կատարվել: Հուսանք, որ Դոդոյի արձանի ներկայությունն իջեւանցիներին, քաղաքապետարանին, զբոսայգու հարեւանությամբ գտնվող Տավուշի մարզպետարանին կհիշեցնի զբոսայգու իսկական նշանակության, այգու գեղեցկությունն անխաթար պահելու մասին: Թե չէ` «սիթի» կոչելով քաղաք չեն դարձնում:
Տավուշ