«ԽՈՒՐՋԻՆՈՎ ՊՈՊՈՔ ԷՐ ԲԵՐՈՒՄ ԷՐԵԽԵՔԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սամվել Հովնիկյանն իր մարտական ուղին սկսել է 1992թ.: Մասնակցել է ՀՀ պետական սահմանների, ինչպես նաեւ ԼՂՀ տարածքների պաշտպանական, մարտական գործողություններին: Հովնիկյանն «Արծիվ-19» առանձին կազմավորման գումարտակի կազմում ակտիվ մասնակցություն է ունեցել Լաչինի, Քարվաճառի, Կուբաթլուի, Ֆիզուլիի եւ Օմարի տարածքների ազատագրական եւ պաշտպանական մարտերին: Այսօր, սակայն, ազատամարտիկն ապրում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում եւ ունի լուրջ առողջական խնդիրներ:
Մարտական ընկերների հավաստմամբ` Հովնիկյանը, որին անվանում են Ադեյի ծուռ, ռազմական գործողությունների ընթացքում, օրհասական պահին երբեք չի ընկճվել եւ իր անձնական օրինակով ոգեշնչել է ընկերներին: 1996-2000թթ. ծառայությունը շարունակել է հյուսիս-արեւելյան շրջանների սահմանների պահպանությունն իրականացնելով, որտեղ նույնպես իրեն դրսեւորել է դրական կողմերով: Նա նաեւ իր հարուստ փորձն է փոխանցել երիտասարդ ծառայակից ընկերներին:
Սակայն նման մարտական ուղի անցած ազատամարտիկն այսօր ապրում է ծայրահեղ վատ սոցիալական պայմաններում. ստանում է ընդամենը 13 հազար դրամ թոշակ, որն էլ հազիվ  բավարարում է կոմունալ վարձերը վճարելուն: Ապրում է Արմավիրի մարզի Ջրարբի համայնքում կնոջ, դուստրերի, որդու եւ հարսի  հետ: Հողագործությամբ չի զբաղվում, քանի որ առողջությունը չի ներում: Իսկ տան պայմաններն ահավոր են. աղքատիկ, կիսաքանդ ու խոնավացած պատերով հյուրասենյակի մի անկյունում տեղադրված է հին մոդելի հեռուստացույց, որի վրայի փոշին ցույց է տալիս, թե ինչքան քիչ է այն կիրառվում, իսկ ձախ անկյունում մեծ սեղան է՝ մի քանի աթոռով, կողքին` երկաթե մահճակալ:
Հովնիկյանների համար արդեն սովորական է դարձել կենցաղային այսպիսի պայմաններում ապրելը: Ընտանիքի ողջ հոգսն ընկած է 57-ամյա Սամվելի կնոջ ուսերին, որի աշխատավարձն ընդամենը 35 հազար դրամ է:
«Սերժ Սարգսյանին նամակ եմ գրել, բայց դեռ պատասխան չկա: Հազիվ կարողանում ենք հացի փող ստեղծել, այն էլ մի կերպ: Ամբողջ ձմեռ համարյա բան չենք վառել, այստեղից-այնտեղից փայտ ենք հավաքել ու դրանով տաքացել: Առողջական խնդիրներ ունեմ ու ոչ միայն ես, իմ ամբողջ ընտանիքը: Տան խոնավությունից է: Հիմա շտապ պետք է սրտիս հետ կապված խնդիրները լուծել: Բրոնխներինս` նույնպես, անընդհատ հազում եմ: Սակայն բուժվելու համար գումար չունեմ»,-«Ժողովուրդ»-ին իր վիճակը ներկայացրեց Սամվել Հովնիկյանը՝ նշելով, որ երկու անգամ սրտի կաթված է ստացել:
Ադեյի ծուռը հիշում է, թե քանի անգամ է պատերազմի դաշտում ընկերների կյանքը փրկել: Բայց հիմա ինքն ունի փրկության կարիք: Նրա հարեւանները պատմում են, թե ինչպես էր պատերազմի դաշտից վերադառնալիս «խուրջինով լի պոպոք» բերում երեխաներին:
«Իմ ժողովրդի, էրեխեքիս, ընտանիքիս համար եմ գնացել պատերազմ: Ինչի՞ համար պետք է գնայի: 7 տարի տուն չեմ եկել: Մեկ-մեկ եկել եմ, մի քանի ժամով տեսել ընտանիքիս անդամներին ու նորից հետ դարձել»,-պատմեց Հովնիկյանը: «Հենց պարապ էինք մնում, ասում էի` տղե՛րք, քոչարի՛ բռնեք: Արդեն թուրքերը գիտեին ու սարսափում էին մեր քոչարի պարելուց (ժպտում է-Ս.Հ.)… 94 թվականի հունվարն էր, թուրքերն Օմար սարի վրա էին, մեր դիրքն էլ շատ անհարմար էր, դրա համար նահանջեցինք, որ իրենք սարից իջնեին: Այդ ժամանակ մեքենայի մեջ շատ դիակներ ունեինք: Մի խոսքով, մեքենան սարով բարձրանում էր. ձյուն, սառնամանիք, ճանապարհները ոչ հարմար, սառցակալած, ու հանկարծ մեքենան իր ընթացքը փոխեց ու գնում էր դեպի ձոր: Տղերքից մեկը՝ Ռազմիկը, երեւի Աստված էր ուժ տվել նրան, մի 200 կիլոգրամանոց քար, ես ասեմ 200, դուք հասկացեք 300, էդ քարն էնպիսի հեշտությամբ վերցրեց ու մտցրեց մեքենայի անիվի տակ, որ մեքենան կանգնեց: Այդ ժամանակ Սարոյան Սեյրանը մեր հետեւից գալիս էր. եկավ, ձեռքը դրեց Ռազմիկի ուսին ու ասաց` մալադեց, տղա՛»,-մարտական օրերը հիշեց  Հովնիկյանը:
«Ինքը երբեք հետ չի նայել, վիրավորվելու մասին չի մտածել… առաջ, միայն առաջ: Ով իրեն նայում էր, հետեւից գնում էր, ինչից էր դա` մինչեւ հիմա չեմ հասկանում, բայց լսում էին իրեն… Զենքը վերցնում էր ու առաջ գնում: Մեզ աղոթել սովորեցրեց: Պատերազմի դաշտում միշտ աղոթել ենք: Ասում էինք` Աստված մեզ պահապան ու առաջ էինք գնում»,-իր հարազատի մարտական կեցվածքը հիշեց Հակոբ Հովնիկյանը, որը նույնպես մասնակցել է Արցախյան պատերազմին:
Ցավալի է տեսնել, որ իրենց կյանքի լավագույն տարիները երկրի պաշտպանությանը նվիրաբերած ազատամարտիկներն այսօր ապրում են նման խղճուկ պայմաններում` մոռացված պետության կողմից: Հովնիկյանի եւ նրա նման ազատամարտիկների այսօրվա ապրելակերպը տեսնելով՝ արդյոք երիտասարդ սերունդը, Աստված մի արասցե,  անհրաժեշտության դեպքում նույնպիսի պատրաստակամությամբ կգնա պաշտպանելու իր երկրի սահմանները:
Հ.Գ. Հովնիկյաններին օգնելու խնդրանքով «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին: Վերջինս խոստացավ զբաղվել այս հարցով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս