ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՆՑՅԱԼՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է: Մայիսի 9-ին` Շուշիի ազատագրում,  մայիսի 27-ին` Սարդարապատի ճակատամարտ, մայիսի 28-ին` առաջին հանրապետության օր: Հայ ազգի ու նաեւ սեփական հաղթանակների մասին զրուցեցինք ռեժիսոր, հեռուստամեկնաբան ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂՈՅԱՆԻ եւ պատմաբան, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն ԱՄԱՏՈՒՆԻ ՎԻՐԱԲՅԱՆԻ հետ:

ԱՄԱՏՈՒՆԻ ՎԻՐԱԲՅԱՆ
«Պատմական տեսանկյունից մայիսն իսկապես հաղթանակների ամիս է, բայց մտածել, որ մենք միշտ ապրելու ենք անցյալի հաղթանակներով, ճիշտ չեմ համարում: Մենք պետք է այսօրվա մեր մայիսը գնահատենք: Ինչ խոսք, 451 թվականին, 1918 թվականին, 1992 թվականին եղել են հաղթանակներ: Բայց նրանք, ովքեր ապրում են անցյալի երազանքներով, ապագա չունեն, պետք է ձգտել դեպի նոր հաղթանակներ»: Պարոն Վիրաբյանը այսօրվա մայիսը համարում է մի սովորական ամիս. «Իհարկե, չենք մոռանում ո՛չ Շուշիի ազատագրման օրը, ո՛չ խորհրդային ժողովրդի հաղթանակը համաշխարհային երկրորդ պատերազմում: Ես պատկերացնում եմ` ինչ կլիներ մեր ժողովրդի վիճակը, եթե թուրքական զորքերը մտնեին Հայաստան: Երեւի թե Հայաստանի այս մի փոքր կտորն էլ չէր լինի»:
Պատմաբանը լավ է հիշում Շուշիի ազատագրման օրը. «Դա եղել է 1992 թվականին, նույն թվականի մայիսի 2-ին զոհվեց իմ հորեղբոր տղան` Իսահակ Վիրաբյանը, իսկ մայիսի 9-ին ազատագրվեց Շուշին, դա ինձ համար ցավի եւ ուրախության օր էր»:
Իսկ որպես սեփական հաղթանակ՝ պարոն Վիրաբյանը համարեց այն, որ տարեկան ընդունելով արխիվից օգտվող 25.000 քաղաքացիների, իրենք կարողանում են գոհացնել գրեթե բոլորին. դժգոհողները շատ քիչ են: «Ուզում եմ, որ այս 29 հազար քառակուսու (գումարած 6 հազար քառակուսի) վրա ստեղծվի մարդկանց համար ընդունելի, տանելի երկիր, որ մարդիկ այս տարածքում իրենց լավ զգան ու բեռնված ավտոբուսներով չլքեն երկիրը»,-որպես հայ ազգին շուտափույթ անհրաժեշտ հաղթանակ` նշեց պատմաբանը:

ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂՈՅԱՆ
«Այն, որ միշտ իր գեղեցկությամբ փայլում է մայիսը, դրանում ոչ մի խոսք, ի տարբերություն այս օրերի, որ մի քիչ անձրեւոտ են: Ինձ համար իմ մանկությունը սկսվում էր մայիսի 1-ով: Ես անպայման դրոշակով պիտի լինեի հրապարակում: Կարճ տաբատ էին հագցնում, երկար գետրիներ… Հիմա երանի եմ տալիս այդ օրերին, ոչ միայն նրա համար, որ մեծ, ճոխ միջոցառումներ էին լինում, ա՛յ թեկուզ նրա համար, որ այն ժամանակ փոքր էի, ոչինչ չէի հասկանում»: Պարոն Եղոյանը առաջին օրվանից ընդգրկվել է «Մեծն Տիգրան» ջոկատում, իսկ Շուշիի ազատագրման օրը նրա համար ավելին է, քան պարզապես տոն. «Շուշիի ազատագրումն ինձ համար Բեռլինի գրավման պես մի բան էր: Հաղթանակի զգացողության մասին բառերով նկարագրել չի լինի: Իմ ընկերներից շատերը զոհվեցին այդ օրը, բայց նրանք փառք բերեցին: Քանի որ ես ջոկատի անդամ էի, շատ էի ուզում մասնակցել մարտական գործողություններին, բայց ընկերներս ինձ թույլ չէին տալիս, ասում էին՝ դու իրավունք չունես զոհվելու: Մենք զինվորագրվել ենք այս պայքարին, քանիոր ուրիշ բանի ընդունակ չենք, իսկ քեզ նմանները իրենց գործով պիտի զբաղվեն, գնա՛ ու լուսաբանի՛ր: Ես տեսախցիկով էի, նրանք` զենքով: Ես էլ իմ բնագավառում էի պատերազմում»:
Հարցին, թե արդյոք տարիներ առաջ հայի ոգին ավելի ուժեղ էր, քան հիմա, պարոն Եղոյանը պատասխանեց. «Տարիներ առաջ մենք սոցիալապես անապահով չէինք, մենք ունեինք ամեն ինչ, ուղղակի կար պատերազմ: Ճիշտ է, չունեինք լույս, բայց կատակում էինք, թե չունենք լույս, հետն էլ լույս ունենալու հույս… Բոլոր դեպքերում, վառարանի մոտ հավաքվում էինք ու ավելի երջանիկ էինք, քան հիմա: Զարմանալի կթվա, բայց պատերազմի տարիներին երանի կտայի, այն ժամանակ աղբամանի մեջ քչփորող չկար, անտուններ չկային, կար ընդհանուր մի ցավ, որի բարի ավարտի հույսով բոլորս էլ երջանիկ էինք: Ազգի միասնություն կար, իսկ այսօր… Նույնիսկ ընդդիմությունը, որ մեկը մյուսին փնովում, սեւացնում է, հենց դա է պատճառը, որ պարտվեց: Խայտառակ պարտություն կրեց, սակայն հաստատ գիտեմ, որ չի տարվել, կեղծված է ամեն ինչ: Իսկ կեղծիքից ես զզվում եմ»:
Խոսելով իր կյանքի ամենամեծ հաղթանակի մասին՝ ռեժիսոր-մեկնաբանը պատասխանեց. «Իմ հաղթանակն իմ երեք երեխաներն են` մեկ աղջիկ, երկու տղա: Երեք երեխաներ ունենալու փաստն ինձ հպարտություն է պարգեւում, հաղթանակի զգացողություն: Միշտ մաղթել եմ, որ անհրաժեշտի պակաս չունենան, ավելորդի ձգտում: Է՜հ, ընկճվեցի մի տեսակ, դրա համար էլ ոչ մի տոնական բան չկա իմ մեջ: Մայիսի 1-ին էլ սուսուփուս նստած էի համակարգչիս առաջ: Մայիսի 9-ն էլ երեւի նույն կերպ կանցնի, սակայն կհիշեմ ընկերներիս, կգնամ Եռաբլուր, բայց ոչ շքերթի»:   

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս