Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետարանի շենքի առջեւ գնդակահարված համայնքապետ Հրաչ Մուրադյանի սպանության շուրջ կրքերը գնալով թեժանում են: Սույն գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի հարազատները, կորցնելով իրենց հանգիստը, անդադար կրկնում են, որ իրենց տղան կապ չունի գյուղապետի սպանության հետ, մյուս կողմից էլ անհայտ անձինք գյուղապետի գերեզմանն են պղծում` վրան գրելով՝ «պարահանդեսն ավարտվեց»:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին՝ ժամը 9-ի սահմաններում, Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել էր 50-ամյա գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին: Նա սպանվել էր աջ քունքի շրջանում անհայտ անձի արձակած հրազենային վնասվածքից: Արդյունքում ապրիլի 5-ին սպանության փաստով ձերբակալվեցին նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները:
Ավելի ուշ Արտակ Պետրոսյանին ազատ արձակեցին, սակայն դա քիչ տեւեց. նրան կրկին ձերբակալեցին, այս անգամ այլ մեղադրանքով: Այս ձերբակալությունից հետո գրեթե ողջ Պռոշյանը ոտքի կանգնած պահանջեց ազատ արձակել տղաներին, քանի որ, ըստ նրանց, մարդասպանը չի կարող պռոշյանցի լինել, ու առավել եւս Արայիկ Պետրոսյանն ունակ չէ մարդ սպանել: Նրանք նույնիսկ բողոքի ակցիա իրականացրին, սակայն ցանկալի արդյունք չունեցան: Պռոշյանի ավտոճանապարհը փակելու սպառնալիքները, կանանց արցունքներն ու հայտարարությունները տեղ չհասան, եւ ՀՀ վերաքննիչ դատարանը Արայիկ Պետրոսյանի կալանքի որոշումը թողեց անփոփոխ:
Ի հակադրություն բնակիչների՝ ոստիկանությունը շարունակում է պնդել, որ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանից առգրավված, դեպքի օրը նրա հագին եղած սպորտային վերնազգեստի աջ եւ ձախ թեւքերի վրա դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր: Եվ սա կարծես թե բավական է, որպեսզի Արայիկը պատիժ կրի:
Ի՞նչ է կատարվում Պռոշյանում եւ Պետրոսյանների ընտանիքում: Այս հարցերի պատասխաններն իմանալու համար «Ժողովուրդ»-ը մայիսի 11-ին այցելեց Պռոշյան: Գյուղացիների հետ զրույցից պարզվեց, որ դեռ սպասողական վիճակում են՝ հույս փայփայելով, որ երբ լրանա Պետրոսյանի երկամսյա կալանքի ժամկետը, նրան ազատ կարձակեն:
Եղանք նաեւ Պետրոսյաների առանձնատանը: Այդ պահին տանը միայն ձերբակալվածների երեխաներն էին ու կանայք: Մեզ հետ զրույցում Արայիկի կինը՝ 28-ամյա Հեղինե Թադեւոսյանը, նշեց, որ հույս ունի՝ երկամսյա կալանքից հետո իր ամուսնուն ազատ կարձակեն. «Մենք սպասում ենք այդ կալանքի ժամանակի ավարտին, քանի որ փաստեր չկան՝ նրան պահելու»: Տիկնոջ պարզաբանմամբ՝ ինչ ամուսնուն կալանավորել են, ընտանիքի անդամներից ոչ ոք չի կարողացել այս ընթացքում զրուցել նրա հետ. «Այսպես անտեղյակ, տխուր, բայց հույսով սպասում ենք»: Այդ ընթացքում երկու եղբայրների երեխաները խաղալիք մեքենա էին վարում, եւ երբ հետաքրքրվեցինք, թե կարոտել են իրենց հայրիկներին, նրանք գլխի շարժումով հասկացրին, որ կարոտել են:
Կալանավորված Արայիկի ընտանիքի անդամները փաստացի պնդեցին, որ նա կապ չունի սպանության հետ: Ավելին, ոստիկանության հայտնաբերած, կրակոցին նմանվող մետաղանման հետքերը կարող են մարդու հագուստի վրա առաջանալ մեքենայի վրա կատարած աշխատանքից, անգամ օծանելիքից: Բայց այդ հանգամանքը ոստիկանները հաշվի չեն առել: Թե ինչ հիմքով են իրավապահները շարունակում նրան համարել մեղադրյալ, դեռ պարզ չէ: Ոստիկանությունից «Ժողովուրդ»-ին հրաժարվեցին այլ պատասխան տալ՝ հիշատակելով միայն նախաքննական գաղտնիությունը:
Մինչ Պետրոսյանների ընտանիքը սպասում է երկամսյա կալանքի ժամկետի ավարտին, որպեսզի հասկանան իրենց անելիք քայլերի հաջորդականությունը, անհայտ անձինք պղծել են սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի գերեզմանը՝ վերջինիս գերեզմանաքարին գրելով՝ «պարահանդեսն ավարտվեց»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գյուղի ավագանու անդամ Մովսես Հակոբյանը տեղեկացրեց, որ գյուղապետի գերեզմանը պղծելու մասին լուրը հայտնել է գերեզմանատան պահակը. «Սիրտ է նկարած եղել եւ գրված, թե «հանդեսն ավարտված է»: Փորձել են գրածը մաքրել, սակայն չի մաքրվել, եւ շուշաթղթով են մի կերպ մաքրել»:
Արայիկի հայրը՝ Արշալույս Պետրոսյանը, լսելով այս մասին, խիստ զայրացած ասաց, որ այս ընթացքում ընտանիքի անդամներն ինչ հիվանդություն ունեին, կրկնապատիկ ավելացել է. «Անարդար կերպով տարել փակել են իմ էրեխեքին, ու հիմա էլ իմանում ենք, որ գյուղապետի գերեզմանն են պղծել: Բա որ իմ էրեխեքն են մարդասպանները, ինչո՞ւ իրավապահները չեն բացահայտում, թե ով է մահացած գյուղապետի իրական թշնամին: Եթե անգամ գերեզմանն են պղծում, ուրեմն մարդասպանները դրսում են»:
Իսկ հնարավո՞ր է, որ գերեզմանի պղծման փաստը որեւէ կերպ անդրադառնա սպանության գործի ընթացքի վրա, եւ իսկապես պարզվի, որ կալանավորված Արայիկը չի սպանել դաշնակցական գյուղապետին: «Ժողովուրդ»-ի այս հարցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից միայն փոխանցեցին, որ գերեզմանի պղծման հետ կապված՝ կատարվել են քննչական գործողություններ:
Հ.Գ. Պռոշյանի ավագանու անդամ Մովսես Հակոբյանի խոսքով՝ այս օրերին գյուղապետարանում բարձիթողի վիճակ է. «Ոչ մի ֆինանսական գործառույթ չենք կարողանում իրականացնել, եւ գյուղապետի տեղակալը ոչ մի լիազորություն չունի: Մեր գյուղապետարանը բարձիթողի վիճակում է»: Անդրադառնալով այս ընթացքում շրջանառվող գյուղապետի հավանական թեկնածուների մասին լուրերին՝ նա նշեց, թե կան մի քանի թեկնածուներ. «Ռեալ այսօր մեկը կա՝ Վովա Սահակյանը, որը գյուղապետի տեղակալ է: Իսկ նախկինում գյուղապետի հետ պայքարի մտածներից ոչ ոք չի ցանկանում գյուղապետ դառնալ»: