Ապրիլի 23-ին Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրենի կողմից ծեծի ենթարկված 86-րդ դասարանի աշակերտուհի Լիդիայի մայրը` Նատալյա Սարգսյանը, տեղի ունեցած միջադեպից հետո դիմել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Սերժ Սարգսյանին, ինչպես նաեւ զրուցել ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ:
«Ժողովուրդ»-ը մայիսի 2-ին գրել էր, որ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը Լիդիային տուն էր ուղարկել` պատճառաբանելով, որ նրա հագուստը հարիր չէ դպրոցին: Բացատրություն պահանջելու նպատակով դպրոց էր եկել աշակերտուհու մայրը` Նատալյա Սարգսյանը: Տնօրենը կշտամբել էր ծնողին, թե «ձեռ չի տալիս, ռադդ քաշի՛»: Իսկ երբ Նատալյան հայտարարել էր, որ ամեն ինչ հեռախոսով ձայնագրել է, եւ տնօրենը պատասխան կտա օրենքի առաջ, դպրոցի պահակը եւ ուսմասվարը տնօրենի ներկայությամբ ֆիզիկական բռնություն էին գործադրել Նատալյայի նկատմամբ` վերջինիս ձեռքից վերցնելով հեռախոսը:
Նշենք, որ Նատալյան դիմել է դատաբժշկական փորձաքննության եւ պատրաստվում է այս հարցը կարգավորել օրենքի շրջանակներում: Երեկ նա «Ժողովուրդ»-ի խմբագրությունում էր եւ պատմեց, որ լսել է, թե այս օրերին Գայանե Սարուխանյանը դիմել է դպրոցում սովորող աշակերտների բարձրաստիճան պաշտոնյա ծնողներին` նրանցից ակնկալելով աջակցություն. «Ես չգիտեմ, թե դա որքանով է ճիշտ, գուցե դրանք խոսակցություններ են, բայց պետք է նշեմ, որ իմ աղջկա ընկերներից մեկը նրան ասել է, որ ուսմասվարը դպրոցի տղաներից մեկին հարցրել է, թե դու շփվում ես Լիդիայի հետ, ու երբ տղան ասել է, որ այո՛, մենք հեռախոսով խոսում ենք, ուսմասվարը զանգահարել է տղայի ծնողներին եւ ասել, թե դուք չգիտեք, որ այդ աղջկա մայրը մերկապարուհի է, ո՞նց եք թույլ տալիս, որ ձեր երեխան շփվի նրա հետ»:
Ն. Սարգսյանը նշեց, որ թեեւ մեկ անգամ արդեն դիմել է քաղաքապետին եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, սակայն պատասխան չի ստացել: Նա որոշել է կրկին դիմում գրել` այս անգամ իրեն զրպարտելու համար. «Ես իմ կյանքն ապրած մարդ եմ, երբ նա հայտարարում է, թե մերկապարուհի եմ, ինչպե՞ս է թույլ տալիս իմ երեխայի անվան եւ ապագայի վրա բիծ թողնել, ես սա այսպես չեմ թողնի, եւ տնօրենը պետք է պատասխան տա»:
Թե ինչու են լռում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, առայժմ դժվար է ասել, բայց փաստ է, որ ուկրաինուհի Նատալյան մտադիր չէ նահանջել: «Ժողովուրդ» օրաթերթը եւս հետեւողական հետաքննությամբ կպարզի, թե ովքեր են Գայանե Սարուխանյանի հովանավորները, որոնք համարձակվում են տնօրենի անհարիր պահվածքի վրա աչք փակել տալ:
ՉԵԽՈՎԻ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԸ ՉԻ ՄԱՐՍԵԼՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ