Հացադուլի մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանը նաև ջրադուլ է հայտարարել. հայրն ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի հայրը` Արմենակ Կյուրեղյանը, հրատապ հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է որդու վատ վիճակի մասին: Արմենակ Կյուրեղյանի խոսքով՝ Հայաստանում Հայկը և մնացած քաղաքական կալանավորները գտնվում են գերության մեջ. «Գերության մեջ մի իշխանության ձեռքերում, որը ունի թուրքական, ադրբեջանական բարքեր, որը ամեն ինչ անում է սեփական ժողովրդին բարոյազուրկ, անկամ, անգիտակից ստրուկների ամբոխի վերածելու համար»:

ArmLur.am-ի հետ զրույցում դատապարտյալի հայրը հայտնեց, որ մոտ 1 շաբաթվա հացադուլին զուգահեռ՝ Հայկն արդեն 3-րդ օրն է՝ նաև ջրադուլ է հայտարարել. «Երեկ եմ նրան տեսակցության գնացել: Շատ հյուծված էր, վատառողջ: Մոտ մեկ ամիս առաջ էլ հացադուլ էր հայտարարել՝ խցի դեմ բողոքելով: Նրան ընդառաջեցին: Եվ հիմա նորից գերծանրաբեռնված խուց են տեղափոխել: Շատ փոքր խցում հինգ հոգով են մնում: Ծխախոտի ծուխը, թթվածնի քաղցը, ջրադուլ-հացադուլը… էլ առողջություն կմնա՞»,- վրդովված ասաց մեր զրուցակիցը:

Թե որն է այս խնդրի լուծումը, Արմենակ Կյուրեղյանը չի պատկերացնում: Նրա խոսքով՝ միակ տարբերակը իշխանությունների հեռացումն է, քանի որ, Ա. Կյուրեղյանի գնահատմամբ, իր որդու դեմ քաղաքական հաշվեհարդար են տեսնում:




Լրահոս