Իշխանության անգրագետ, անհեռանկար և անպատասխանատու գործելաոճի գերին ենք. ինչո՞ւ Հայաստանում բենզինն ու գազը չեն էժանանում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ 2013թ. դեկտեմբերին Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցի շրջանակներում ստորագրվեց նավթամթերքների ներմուծման մասին միջպետական պայմանագիրը, ինչպես նաեւ քիչ անց կնքվեց հայտնի հայ-ռուսական գազային համաձայնագիը, որի դիմաց Հայաստանը «Գազպրոմին» հանձնեց իր ունեցած վերջին 20 տոկոս բաժնեմասը, իշխանությունները բոլոր հնարավոր խողովակներով դա ներկայացնում էին որպես «դարի պայմանագրեր», որպես մեծագույն ձեռքբերում, որը հնարավորություն էր տալու մատչելի նավթամթերքներ ներմուծել եւ հաջորդող հինգ տարիներին անփոփոխ թողնել Հայաստանին մատակարարվող գազի սակագինը: Մասնավորապես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հրապարակային հարցադրումներ էր անում` արդյոք դա լավ է, թե ոչ` հպարտորեն արձանագրելով, որ դա շատ լավ է:

Այդ ամենից անցել է ընդամենը երկու տարի, սակայն էներգակիրների համաշխարհային շուկայում նավթի գների աննախադեպ անկման, ինչպես նաեւ գազի գների նվազման արդյունքում այսօր, փաստորեն, մեր տնտեսությունը հսկայական վնասներ է կրում հենց այս նույն իշխանության անհեռատեսության արդյունքում կնքված «լավ» պայմանագրերի պատճառով:

Միչդեռ երբ ՀՀ ԱԺ-ում գազային համաձայնագրի քննարկման օրերին ընդդիմադիր գործիչներից մեկը հարց հնչեցրեց, թե ինչ կլինի, եթե հանկարծ էներգակիրները էժանանան, արդյոք այս դեպքում Հայաստանը տուժողի դերում չի հայտնվի, ՀՀ կառավարության ներկայացուցիչը հարցադրումը համարեց ժպիտ հարուցող: Իհարկե, արդեն այլ մարդ է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնում, սակայն ինքնին հասկանալի է, որ այդ պայմանագրի կնքման գործում ներգրավված են եղել բազմաթիվ պաշտոնյաներ եւ փորձագետներ, իսկ բանակցությունները շարունակվել են ավելի քան մեկ տարի: Եվ ուրեմն, բնական հարց է առաջանում՝ ինչու այդ բոլոր պատասխանատուներից որեւէ մեկին ՀՀ կառավարության ներկայիս ղեկավարը պատասխանատվության չի ենթարկում: Անգամ չի էլ փորձում գոնե հրապարակավ պարսավել, ինչի սովորույթը, նա, կարծես թե վերջին ամիսներին ձեռք է բերել` հատկապես կառավարության որոշ ներկայացուցիչների մանր-մունր հարցերում հրապարակային նկատողություններ անելով:

Ստացվում է, որ այս իշխանություններն իրենց տասնյակ թանկարժեք փորձագետ-խորհրդատուներով չեն կարողացել գրագետ, բոլոր մարտահրավերները հաշվի առնող պայմանագրեր մշակել, ինչի արդյունքում մենք հայտնվել ենք անիմաստ վիճակում, երբ բենզինն ու գազը ողջ աշխարհում, այդ թվում եւ մեր միակ մատակարար Ռուսաստանում, էժանանում են, սակայն Հայաստանում ոչ, քանի որ մենք, չգիտես ինչու, ռուսական ներքին գներով ենք այն ստանում, բայց ամերիկյան դոլարով: Փաստորեն, ազգովի այս իշխանության անգրագետ, անհեռանկար եւ անպատասխանատու գործելաոճի գերին ենք:




Լրահոս