ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ
Սպանված ժամկետային զինծառայող, շարքային 19-ամյա Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Աշխարհիկ (Իշխան) Ստեփանյանը, լրագրողներին պատմել է, որ որդու հոգեհանգստի ժամանակ իրենց տուն են եկել ՊՆ հրամանատարական կազմից, որոնց իրենք հարցրել են, թե ինչ կարող են ասել որդու մահվան մասին, բայց որեւէ պատասխան չստանալով` նրանց իրենց տնից վռնդել են: Այնուհետեւ զինվորի հայրն իմացել է, որ հորեղբոր տղայի մոտ 300.000 դրամ գումար են թողել, եւ անմիջապես փողը հետ է վերադարձրել: «Ես միլիոնների քյասիբ եմ, բայց ես 300 հազարների քյասիբ չեմ: Խի դրանց փողո՞վ ես պետք է որդուս թաղումն անեի»,-հուզված ասել է զինվորի հայրը` շեշտելով, որ ինքն ու կինն են որոշել Երեւան տեղափոխել տղայի դին: «Մենք երկրից էինք ուզում գնալ»,-ասել է նա: Նշենք, որ դրանից մեկ օր առաջ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՊՆ փոխնախարարներն այցելել են սպանված զինվորի տուն, ցավակցել եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Ինչպես տեսնում ենք, այդ աջակցությունը, որը նրանք պարտավոր էին  հատկացնել, չի ընդունվել զինվորի ծնողի կողմից:

ՆՈՐ ԱԿՑԻԱ
«ԳԱԼԱ»-ի փոխանցմամբ՝ ազատամարտիկները եւս մի քանի օր կսպասեն ՀՀ վարչապետին հասցեագրած իրենց նամակի պատասխանին եւ կիրականացնեն բողոքի զանգվածային նոր միջոցառում՝ երթեր եւ ցույցեր: Ըստ ամենայնի՝ նրանց կմիանան նաեւ ՀՀ ԶՈՒ-ում սպանված զինծառայողների հարազատները, ովքեր մի քանի օր առաջ բողոքի ցույց էին անում ՀՀ կառավարության շենքի դիմաց: Հիշեցնենք, որ ազատամարտիկները դժգոհում են իրենց սոցիալական վիճակից, պահանջում թոշակի բարձրացում եւ արժանապատիվ կյանք:

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏՎԵՑ
«Հարսնաքար»-ի գործով երեկվա դատական նիստում ցուցմունք է տվել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նա ասել է, որ «Հարսնաքար»-ում տեղի ունեցած դեպքի մասին տեղեկացել է ռեստորանային համալիրի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանից: «Դրանից հետո ես զանգահարել եմ Նորայրին, ուզեցել եմ իմանալ` ինչ եղել: Ես հարց տվեցի` հո մարմնական վնասվածք չե՞ն ստացել, ասեց` չէ, իրա ոտքով քայլելով գնաց»: Հայրապետյանը նշել է, թե միայն որոշ ժամանակ անց է իմացել, որ Վահե Ավետյանին վիրահատում են, ու վիճակը ծանր է: Նաեւ ասել է, որ ինքը դեպքի հաջորդ օրն անձամբ զրուցել է բոլոր մեղադրյալների հետ, ցանկացել ճշտել` ամբաստանյալներից ով ինչ մասնակցություն է ունեցել դեպքին, սակայն չի կարողացել պարզել: «Ես ամեն ինչ կտայի, ազնվորեն եմ ասում, որ այստեղ լինեին բոլորը, նույնիսկ այն կռվի մասնակիցները, Վահե Ավետյանը, ու այսպես պարզ լիներ, թե ինչ էփսոսում եմ, որ ես այնտեղ չեմ եղել: Ամեն ինչ կտայի, որ մինչեւ կռիվը ես տեղյակ լինեի»,-հայտարարել է Հայրապետյանը` շեշտելով, որ ինքը բազմաթիվ անգամներ ընդամենը մի քանի րոպեում կանխել է շատ վեճեր: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 24-ին:




Լրահոս