Հրազդանում թեժ ընտրապայքար է սպասվում. ովքեր են հիմնական թեկնածուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած աշուն Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում նախատեսված էր անցկացնել քաղաքապետի ընտրություններ, սակայն դրանք հետաձգվեցին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզկենտրոնում համայնքի ղեկավար կընտրեն այս տարվա ապրիլի 17-ին:

Այն, որ Հրազդանում ընտրությունները մշտապես թեժ են եղել, որեւէ մեկի մոտ կասկած չկա, քանի որ ամենաքաղաքականացված ընտրությունները եւ իրական մրցակցությունը հաճախ հենց այդ քաղաքում են եղել: Ընդ որում, վերջին ընտրությունները, երբ Արամ Դանիելյանն էլի քաղաքապետ դարձավ, կեղծիքների նոր մեխանիզմի գործադրման արդյունքում հաջողվեց միայն: Բայց պարզվում է՝ նրան չի մտահոգում այդ հանգամանքը. քաղաքապետը 12 տարուց ավել պաշտոնավարելով այդ համայնքում՝ դեռ չի հոգնել եւ կրկին հայտարարում է քաղաքապետ վերընտրվելու իր մտադրությունների մասին:

Նա ինչպես տեղական հեռուստաեթերից, այնպես էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստվում է նորից առաջադրվել Հրազդանի քաղաքապետի պաշտոնում, քանի որ կիսատ թողած գործեր ունի: Հավանաբար դեռ տարածքներ կան վաճառելու, պետք է ավարտին հասցնի, նոր գնա:

Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ Արամ Դանիելյանը չունի առաջվա հովանավորին՝ ի դեմս Կոտայքի մարզպետի: Նախկինում նրան «տերություն էր անում» Կովալենկո Շահգալդյանը, սակայն պապիկն այլեւս մարզպետ չէ, նրան ուղարկել են «պատվավոր հանգստի»՝ ՀՀ կառավարությունում՝ վարչապետի խորհրդականի կարգավիճակով: Եւ նույնիսկ նրա այդ կարգավիճակը այլեւս չի կարող օգնել Արամ Դանիելյանին՝ կառավարության բարեհաճությունը հերթական անգամ ստանալու համար:

Բանն այն է, որ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն ամեն ինչ անում է՝ Հրազդանի քաղաքապետի պաշտոնում իր մտերիմին՝ Տիգրան Ներսիսյանին հասցնելու համար: Իսկ ո՞վ է այս երիտասարդը. նա 1999թ-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ճարտարագիտական ֆակուլտետը, 2012թ.՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետը: Հիդրոտեխնիկ է եւ հանրային ֆինանսների մագիստրոս: Ու քանի որ հայրը «ցեխավիկ» է եղել, որդին 2003-2012թթ. նշանակվել է «Հրազդան հաց» ՍՊԸ գլխավոր հաշվապահ, ապա մինչեւ 2014թ. եղել է «Հրազդան հաց» ՍՊԸ տնօրեն: Եւ, ինչպես իսկական «ցեխավիկի որդի», նաեւ Հրազդան քաղաքի ավագանու անդամ է եղել 2008-2012 թթ: Ավագանու պարտականությունները դադարեցնելուց հետո նա 2 տարի անգործ է մնացել եւ բախտի բերմամբ 2014թ. հունիսի 5-ին ԱԺ պատգամավոր է դարձել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակով:

2 տարի ԱԺ-ում լինելով՝ Տիգրան Ներսիսյանը բառացիորեն ոչինչ չի արել՝ բացի կոճակ սեղմելուց: Նրա առաքելությունը սկսվել եւ ավարտվել է բացառապես մատի այդ շարժումով: Եւ հիմա նա ցանկանում է կոճակ սեղմելու իր գործառույթը Կարո Գուլոյանի օգնությամբ փոխել քաղաքապետի պաշտոնով: Իհարկե, վատ չեն մտադրությունները: Բայց ինչքանո՞վ է հավանական նրա հաղթանակը, մարզպետն ինչպե՞ս է օգնում նրան: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը պատասխանեց, որ առանձնապես ինքը չի զգացել, թե ինչպես է մարզպետը ջանքեր գործադրում՝ Ներսիսյանին քաղաքապետ դարձնելու ուղղությամբ: «Նկատելի բան չեմ տեսել»,- ասաց քաղաքապետը՝ միաժամանակ մեզ խորհուրդ տալով այդ հարցով զրուցել մարզպետ Գուլոյանի հետ: Սակայն Գուլոյանը անհասանելի է՝ ինչպես հոլիվուդյան մի աստղ, որ հանրության առջեւ դուրս է գալիս հատուկ գրիմով, պատվիրված լուսանկարիչների ու օպերատորների նկարահանած կադրերի միայն: Նրա «օրիգինալ ձայնը» անգամ լսելի չէ: Դրա համար էլ մարզպետի պլանների մասին պաշտոնապես ոչինչ չկարողացանք ճշտել:

Բայց քաղաքապետ Արամ Դանիելյանը վճռական է տրամադրված. «Ես վստահ եմ, որ կանցնեմ, մինչեւ վերջ գնալու եմ»:

Տեղեկացնենք, որ Հրազդանում քաղաքապետի թեկնածուների անուններ առաջիկայում եւս ի հայտ կգան՝ նախկին ու ներկա պատգամավորներ, պաշտոնյաներ եւ այլն: Ուշագրավն այն է, որ իշխող ՀՀԿ-ն այս համայնքի մասով դեռ որեւէ որոշում չունի: Միայն մի բան է հայտնի. Սերժ Սարգսյանը դեմ է լճացմանը:

Արփինե Թովմասյան




Լրահոս