ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ և ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից, ըստ ԱԱԾ հայտարարության, «վնասազերծված զինված հանցախմբի անդամ» համարվող Լիլիթ Թորոսյանն ազատ է արձակվել:
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հաղորդավարուհուց բացի` ևս երկու հոգի է ստորագրությամբ ազատ արձակվել: Խոսքը Հայկ և Հրանտ Վարդանյան եղբայրների մասին է: Վերջիններիս շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ հավելելով, որ այդպիսով փոխվել է նրանց խափանման միջոց կալանավորումը:
Նշենք, որ որոշ «անդամների», այդ թվում` պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ հատուկ ջոկատայինները Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատներից մեկից վնասազերծել են զինված հանցավոր խումբ: ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ խումբը նպատակ ուներ Հայաստանում մի շարք ծանր հանցանքներ իրականացնել: Թե քանի անդամ ունի խումբը՝ դժվար է ասել, քանի որ գնալով նոր մարդիկ են ավելանում, այդ թվում՝ ազատամարտիկներ, հասարակական-քաղաքական գործիչներ: