«ՀՀ ոստիկանությունը իրական բարեփոխումներ կատարելու կամք չունի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. ապրիլի 1-ից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության ֆինանսական աջակցությամբ սկսվեց «Աջակցություն ՀՀ ոստիկանության համակարգում հակախտրական մշակույթի ձևավորմանը» ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակն էր ՀՀ ոստիկանության համակարգում նպաստել ոչ խտրական գործելակերպի մշակույթի ձևավորմանը: Մասնավորապես նախատեսվում էր մշակել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողների ուսուցման և ոստիկանության ծառայողների և դասավանդողների վերապատրաստման կրթական մոդուլներ՝ խտրականության համընդհանուր արգելքի, ՀՀ-ում խտրականության դեմ առկա իրավական երաշխիքների և դրանց պատշաճ կիրառման վերաբերյալ: Մինչ ծրագրի մեկնակը՝ 2015թ. հունվարին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գրությամբ դիմել էր ՀՀ ոստիկանությանը՝ առաջարկելով քննարկել Կազմակերպության կողմից մշակված «Աջակցություն ՀՀ ոստիկանության համակարգում հակախտրական մշակույթի ձևավորմանը» ծրագրի համատեղ իրականացման հնարավորությունը: Ի պատասխան նշված գրության՝ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ «Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի «Աջակցություն ՀՀ ոստիկանության համակարգում հակախտրական մշակույթի ձևավորմանը» ծրագրի համատեղ իրականացման առաջարկը հավանության է արժանացել ՀՀ ոստիկանության կողմից:

2015թ. մարտի 9-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ՀՀ ոստիկանության շտաբի պետ Ա. Զաքարյանի, Իրավաբանական վարչության պետ Մ. Հակոբյանի, շտաբի պետի տեղակալ Ա. Ղազարյանի և Կազմակերպության նախագահ Ա. Սաքունցի, Ծրագրի համակարգող Ա. Չիլինգարյանի մասնակցությամբ: Ելնելով ձեռք բերված պայմանավորվածությունից՝ ՀՀ ոստիկանության կողմից 2015թ. մարտի 12-ի գրությամբ տրամադրվեցին ծրագրում որպես փորձագետներ ընդգրկվող ՀՀ Ոստիկանության ծառայողների տվյալները: Թեև որոշվել էր ծրագրի իրականացումը սկսել 2015թ. ապրիլ ամսից, այնուամենայնիվ մարտի 27-ին ձեռք բերված բանավոր պայմանավորվածության համաձայն՝ ծրագրային աշխատանքներին ընթացք չտրվեցին՝ «պայմանավորված ապրիլ ամսին առկա մի շարք համապետական հանրային միջոցառումներով և ոստիկանության ծառայողական անհրաժեշտությամբ»: Ըստ պայմանավորվածության՝ ծրագրային գործողությունների ընթացքը պետք է քննարկվեր ապրիլյան միջոցառումների ավարտից հետո՝ ապրիլ ամսվա վերջին – մայիս ամսվա սկզբին: Սակայն ապրիլի վերջին – մայիս ամսվա ընթացքում Կազմակերպությանը չհաջողվեց կապ հաստատել ՀՀ ոստիկանության համակարգում Ծրագրի իրականացման համար պատասխանատու անձանց հետ, ինչի արդյունքում հնարավոր չէր ընթացք տալ ծրագրային գործողությունների իրականացմանը: Այս իրավիճակը պայմանավորված էր նաև ՀՀ ոստիկանության համակարգում տեղի ունեցած կադրային փոփոխություններով՝ ՀՀ ոստիկանության կոնտակտային անձ՝ Իրավաբանական վարչության պետ Մ. Հակոբյանը տեղափոխվել էր այլ պաշտոնի, իր հետ կապ հաստատելը չէր հաջողվում: Իսկ Իրավաբանական վարչության պետի պաշտոնը զբաղեցրած նոր ծառայողի հետ խնդիրը քննարկելու փորձից պարզ դարձավ, որ նրան չեն փոխանցվել ծրագրով նախատեսված կոնտակտային անձի պարտականությունները:

Ծրագրի իրականացման վերաբերյալ ՀՀ ոստիկանության դիրքորոշումը պարզելու նպատակով, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2015թ. հունիսի 18-ին գրությամբ դիմեց ՀՀ ոստիկանության շտաբ՝ խնդրելով հայտնել, թե ով է հանդիսանում ՀՀ ոստիկանության համակարգում պատասխանատու կամ կոնտակտային անձ: Ի պատասխան նշված գրությանը՝ շուրջ մեկ ամիս անց հուլիսի 16-ի գրությամբ ՀՀ ոստիկանությունը հայտնեց, որ «օբյեկտիվ հանգամանքներից ելնելով ՀՀ ոստիկանությունը մեծացրել է հասարակական կարգի պահպանության մեջ ներգրավված ոստիկանության ծառայողների թվաքանակը, ինչը հանգեցրել է վերջիններիս ծառայողական ծանրաբեռնվածության ավելացմանը, բացի դրանից՝ ներկայումս արձակուրդային շրջան է, ուստի Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակ ՀԿ-ի հետ համատեղ իրականացվելիք «Աջակցություն ՀՀ ոստիկանության համակարգում հակախտրական մշակույթի ձևավորմանը» ծրագրի կատարումը նպատակահարմար է հետաձգել առավել նպաստավոր ժամանակահատվածի»: Այս ժամանակահատվածում նաև տեղի ունեցան մի շարք հասարակական-քաղաքական նշանակության հանրային իրադարձություններ, որոնց մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառված ապօրինությունները և բռնությունները սուր քննադատությունների արժանացան նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից` մարտ ամսին Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումները և բռնությունները, մայիսին՝ զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ բռնությունները, հունիս-հուլիս ամիսներին՝ Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ հավաքների մասնակիցների նկատմամբ բռնությունները: Այնուամենայնիվ, 2015թ. հուլիսի 16-ի ՀՀ ոստիկանության պատասխանից հետո, հաշվի առնելով ծրագրային նպատակների կարևորությունը, կազմակերպության կողմից որոշում կայացվեց շարունակել իրականացնել ծրագրային գործողությունները. ծրագրային թիմի և ՀԿ ներկայացուցիչների փորձագետների աջակցությամբ մշակվեց ուսուցման ծրագրի մոդուլը: 2015թ. դեկտեմբերի 30-ին ուսուցման ծրագրի նախնական տարբերակը կից գրությամբ ուղարկվեց ՀՀ ոստիկանություն՝ մեկնաբանությունների, լրացումների, առաջարկությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների և/կամ Ոստիկանության ակադեմիայի ունկնդիրների ներգրավմամբ (որպես դասընթացավար և ուսուցանվողներ) ծրագրի փորձարկումն իրականացնելու հնարավորությունը քննարկելու համար: Ի պատասխան նշված գրությանը՝ ՀՀ ոստիկանությունը 2016թ. հունվարի 18-ի իր պատասխան գրությամբ հայտնեց, որ «Ոստիկանության ծառայողները «Մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման հիմնախնդիրները ՀՀ-ում», «Մարդու սահմանադրական իրավունքների հարգման հիմնախնդիրները օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում», «Մարդու իրավունքները և ոստիկանությունը», «Մարդու իրավունքների տեսության հիմնախնդիրները» թեմաներով մասնագիտական բարձր որակավորում ունեցող դասախոսական կազմի մատուցմամբ պարբերաբար վերապատրաստման դասընթացներ են անցնում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի վերապատրաստման և որակավորման ֆակուլտետում, ուստի վերը թվարկված թեմաներով դասընթացների անցկացման պայմաններում ոստիկանության ծառայողների մասնակցությունը նույնաբովանդակ լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին առայժմ գտնում ենք ոչ նպատակահարմար»:

Այսինքն՝ մոտ 11 ամիս անց ՀՀ ոստիկանությունը գտավ, որ նման դասընթացի անցկացումը ոչ նպատակահարմար է, չնայած սկբում գտնում էր նպատակահարմար: ՀՀ ոստիկանության ծառայության գործունեության ոլորտում շարունակաբար իրականացվում են բարեփոխումների ծրագրեր, որոնց նպատակներից է նաև ոստիկանության հանդեպ հանրային վստահության ձևավորումը: ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2015-2017թթ. բարեփոխումների ծրագրի ուղղություններից մեկը ևս ոստիկանության գործունեության թափանցիկությանն ուղղված բարեփոխումների իրականացումն է, որով նախատեսվում է ոստիկանության մարմինների և քաղաքացիական հասարակության մասնագիտացված կազմակերպությունների միջև փոխհամագործակցության ընդլայնում: Այնուամենայնիվ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հետ համագործակցության և քննարկվող ծրագրի իրականացման շրջանակներում ՀՀ ոստիկանության ոչ հետևողական և ոչ թափանցիկ վարքագիծը ակնհայտ է, որն արձանագրում է ՀՀ ոստիկանության պաշտոնական հայտարարությունների և իրական գործողությունների միջև առկա մեծ տարբերությունը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը երբևիցե չի դադարի բարձրաձայնել մարդու իրավունքների պաշտպանության և մասնավորապես, ոստիկանության անօրինական գործունեության վերաբերյալ իր մտահոգությունները, քննադատությունները, իրականացնել համապատասխան գործողություններ: Կազմակերպությունը իր հետևողական և մարդու իրավունքների պաշտպանության առաջնայնությամբ առաջնորդվող գործունեությունը շարունակել է նաև 2015թ.՝ արձանագրելով և բարձրաձայնելով ոստիկանության կողմից դրսևորվող մարդու իրավունքների բազմաթիվ և կոպտագույն խախտումները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ աջակցություն ցուցաբերելով այդ խախտումներից տուժած անձանց: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը. – արձանագրում է ՀՀ ոստիկանության ոչ հետևողական և սկզբունքային վարքագիծը, քննադատությունների հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքը և մարդու իրավունքների ոլորտում իրական բարեփոխումներ իրականացնելուն ուղղված և քաղաքացիական հասարակության հետ համատեղ աշխատելու պատրաստակամության բացակայությունը; – հայտնում է, որ Կազմակերպությունը չի հրաժարվի ՀՀ պետական մարմինների հետ աշխատանքում որդեգրված քաղաքականությունից. պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից դրսևորվող մարդու իրավունքների խախտումները արձանագրելու, քննադատելու, իրավունքների վերականգնման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հետ մեկտեղ կազմակերպությունը կշարունակի նաև անհրաժեշտ փոփոխություններին ուղղված առաջարկությունների ներկայացումը; – Կազմակերպությունը նաև կշարունակի աջակցել պետական մարմիններին, ներառյալ ՀՀ ոստիկանությանը, ՀՀ-ում մարդու իրավունքների հանդեպ իրական հարգանքի մթնոլորտի զարգացման ուղղված միջոցառումների իրականացման շրջանակներում և գտնում է, որ ՀՀ ոստիկանությունն արմատապես պետք է փոխի իր վերաբերմունքը, դրսևորի կառուցողական և վստահության մթնոլորտի զարգացմանը նպաստող վարքագիծ:




Լրահոս