Նախօրեին հրապարակված միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում Հայաստանին տրված գնահատականները հերթական անգամ արձանագրում են այն լճացած, Սերժ Սարգսանի ասած` գաղջ մթնոլորտը, որն արդեն տարիներ ի վեր առկա է եւ, փաստորեն, փոփոխվելու որեւէ հույս չի ներշնչում:
Այսպես՝ Human Rights Watch կազմակերպության զեկույցի համաձայն` Հայաստանում առկա են մարդու իրավունքների հետ կապված բազմաթիվ մտահոգություններ. սահմանադրական հանրաքվեի ընթացքում տեղ գտած համատարած ընտրակեղծիքների, «Էլեկտրիկ Երեւանի» ցույցերի ընթացքում տասնյակ լրագրողների եւ մոտ երկու հարյուր ցուցարարների նկատմամբ գործադրված բռնությունների, ազատ հավաքների անցկացման սահմանափակումների եւ քաղաքական դրդապատճառներով ազատազրկված Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի եւ Հայկ Կյորեղյանի դեպքերի հիշատակումից զատ՝ զեկույցում տեղ են գտել նաեւ այնպիսի դրվագներ, ինչպես, օրինակ, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծն ու «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավարների ձերբակալումն է ապրիլի 24-ի նախաշեմին:
Կարող էր, արդյոք, այս զեկույցը զերծ լինել վերը բերված բոլոր արձանագրումներից, անկասկած այո, քանի որ անխտիր բոլոր դեպքերում էլ հարցը ոչ թե երկարատեւ բարեփոխումներ պահանջող ջանքերի, այլեւ ՀՀ օրենսդրությունը հարգելու եւ իրավապահ մարմինների կողմից բացառապես սեփական լիազորությունների շրջանակներում գործելու եւ ոչ թե քաղաքական պատվերներ կատարելու մասին է:
Վերջինի հետ կապված ոչ ուրախալի պատկեր է արձանագրել նաեւ Freedom House կազմակերպությունը: Այն դիտարկել է 195 երկրներում քաղաքացիական ազատությունները եւ այս տարի եւս Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը դասել մասամբ ազատ երկրների թվին: 7 բալանոց սանդղակով, որտեղ 1-ն ամենաազատն է, իսկ 7-ը՝ ամենաանազատը, Freedom House-ը Հայաստանում քաղաքական համակարգի ազատությունը գնահատել է 5, իսկ քաղաքացիական ազատությունները՝ 4 միավորով: Նշենք, որ Թուրքիայում եւ Ադրբեջանում պատկերը զգալիորեն ավելի վատ է, սակայն դժվար թե դա կարելի է սփոփիչ հանգամանք դիտել:
Եվ, վերջապես, իր տարեկան զեկույցում Transparency Internationa հակակոռուպցիոն կազմակերպությունը եւս որեւէ ոգեւորիչ միտում չի արձանագրել. կազմակերպության հրապարակած կոռուպցիայի ինդեքսի ցուցանիշով Հայաստանը 2014-ի համեմատ արձանագրել է նահանջ մեկ կետով՝ 94-ից հայտնվելով 95 տեղում: Եվ դարձյալ ավելի լավ դիրքում գտնվելով, քան Ադրբեջանը /119/՝ Հայաստանը շատ ավելի կոռումպացված է, քան հարեւան Վրաստանը, որը գտնվում է 48-րդ տեղում:
Ահա, այսպիսին է երեք կարեւոր կազմակերպությունների գնահատականը Ս. Սարգսյանի եւ նրա վարչակազմի կողմից անցած տարվա ընթացքում գործադրված ջանքերին «ավելի լավ Հայաստան» ունենալու գործում: Եւ պատկերը, ցավոք, «սիրուն չի»: