ԵԽԽՎ-ում Ուոլթերի զեկույցի տապալումից հետո մնացած բացասական «նստվածքը» դեռ իրեն զգացնել տալու է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես եւ սպասվում էր` ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հետ կապված Ռոբերտ Ուոլթերի հեղինակած հակահայկական զեկույցի ձախողումից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը սկսել է վայնասունը: Չկարողանալով համակերպվել Ուոլթերի եւ նրա գործընկերների վրա արած հսկայական խավիարային ներդրումների կորստի հետ՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երեկ հանդես է եկել լալահառաչ հայտարարություններով: «Համանախագահների նամակը Ստրասբուրգ միայն ծիծաղ է հարուցում: Ես բողոքով նամակներ եմ ուղարկել համանախագահ երկրների արտգործնախարարություններ, որոնցում նշել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված ցանկացած հարցի հրատապություն հաղորդելը մեր անձնական գործն է: Ոչ ոք չի կարող խառնվել դրան: Նրանք չեն կարող ճնշում գործադրել եվրոպացի խորհրդարանականների վրա: Դա անտրամաբանական է»,- երեկ ադրբեջանական լրատվամիջոցների առջեւ նեղսրտել է Մամեդյարովը, ով, սակայն, այդպես էլ չի պարզաբանել, թե եթե Մինսկի խմբի համանախագահները «չեն կարող ճնշում գործադրել եվրոպացի խորհրդարանականների վրա» եւ «դա անտրամաբանական է», այդ դեպքում ինչի դեմ է նա բողոքում:

Իրականում որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը եղավ այն վճռորոշ գործոնը, որը փոխեց ԵԽԽՎ-ում քվեարկության պատկերը, եւ Ուոլթերի զեկույցը մերժվեց: Եվ այս առումով հարկ է նշել, որ այդ «հաղթանակը», ինչպես որ այն գնահատեցին ՀՀ իշխանական ուժի ներկայացուցիչները, հաջողվեց արձանագրել հենց սահմանային իրավիճակի ապակայունացման հեռանկարի խաղարկման շնորհիվ. մի բան, որը չափազանց բարձր գին էր` ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անգործության հետեւանքները վերացնելու համար:

Եվ, ի դեպ, նկատենք, որ դա իր բացասական հետեւանքները՝ դարձյալ սահմանային իրավիճակի նոր լարման տեսքով, ըստ ամենայնի, դեռ կունենա. դժվար թե Ադրբեջանն առաջիկայում չդիմի նոր սադրանքների` այդպիսով փորձելով վրեժխնդիր լինել թե՛ հայկական կողմից, թե՛ համանախագահներից: Իսկ յուրաքանչյուր նման սադրանքի դեպքում վտանգվում է հայ զինվորի կյանքը: Եվ երբ նախօրեին ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանն ասում էր, թե դիվանագետներն էլ արտաքին ճակատի զինվորներն են, նա, իհարկե, իրավացի էր, այլ հարց է, որ այդ արտաքին ճակատի զինվորների «դասալքության» եւ վատ աշխատանքի պատճառով հաճախ իրենց կյանքով են հատուցում իրական զինվորները:
Ամեն դեպքում ԵԽԽՎ-ում Ուոլթերի զեկույցի տապալումից հետո մնացած բացասական «նստվածքը» իրեն զգացնել տալու է, եւ այդ մասին երեկ հայտարարել է նաեւ Մամեդյարովը. «Այն բանից հետո, երբ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները նամակ ուղարկեցին Ստրասբուրգ, չեմ կարծում, թե նրանց հետ հանդիպում հնարավոր է»,- ասել է նա:




Լրահոս