Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է օրեր առաջ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը, որի ժամանակ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է ուսումնասիրություններ Արագածոտնի և Կոտայքի մարզերի սոցիալական ծառայությունների և տարածքային գործակալությունների վերաբերյալ: Ինչպես հայտնի է` մեծ չափի գումարներ էին մսխվել, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ մեղքն իր վրայից գցել էր մարզպետարանների վրա:
«Խորհրդակցության ընթացքում մանրամասն լսել ենք բոլոր կողմերին, ինձ համար անընդունելի են այն արդարացումները, որոնք հնչում էին խորհրդակցության ժամանակ, որոնց մեծ մասն անհիմն են»,- հայտարարեց վարչապետը: Բացի այդ, Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին մարզպետների հետ միասին քննարկել այդ հարցը:
«Ես համոզված եմ, որ կան դեպքեր, որտեղ պետք է այդ պաշտոնյաներին ազատել զբաղեցրած պաշտոններից և հանրությանը պետք է տեղեկացնել այդ ամենի մասին: Նաև ինձ համար ընդունելի է Վերահսկիչ պալատի խորհրդի որոշումը, որ բոլոր սոցիալական ծառայություններում իրականացվեն ստուգումներ», – եզրափակեց նա: