Զանգահարել է կնոջը և հորդորել երեխաներին լավ պահել. ինչո՞ւ պետք է ոստիկանության նախկին աշխատակիցն ինքնասպան լիներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 30-ին Կիևյան կամրջից նետված 47-ամյա Արտակ Գալստյանը չուներ այնպիսի խնդիր, որ գնար այդ քայլին: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասացին ինքնասպան եղած Արտակ Գալստյանի հարազատները, որոնց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում:

Հիշեցնենք, որ Արտակ Գալստյանը աշխատում էր Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում որպես արտադրամասի պետ, իսկ նրա եղբայրը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության պետ Հակոբ Գալստյանն է:

Վերջինս ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից է: Ինչո՞ւ պետք է Գալստյանը գնար այս քայլին: Ըստ խոսակցությունների` վերջինս պարտքեր է ունեցել, հետո լուրեր եղան, թե հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ կա հարուցված, և նրան ստիպել են անուններ տալ, որն էլ միգուցե դարձել է դժբախտության պատճառը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ինքնասպան եղած Գալստյանի հարազատները տարակուսեցին, որ չեն կարողանում հասկանալ, թե ինչու պետք է այդ քայլին դիմեր: Կատարվածը շոկ է. «Նա դրամի կամ պարտքի այնպիսի խնդիր չուներ, որ գնար այդ քայլին»:

Անդրադառնալով հատուկ քննչական ծառայությունում վերջինիս մասով քննվող քրեական գործին՝ Արտակ Գալստյանի մտերիմը պնդեց, որ դա այն գործը չէր, որ Արտակին սպառնային, կամ նա որոշեր իր կյանքին վերջ տալ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող գործը կապված է այն իրողության հետ, որ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում մի քանի աշխատակիցներով մշակված ոսկու թափոնները վերցրել են, վերամշակել, ոսկի ստացել եւ բաշխել:

Ի դեպ, Արտակ Գալստյանի մտերիմները հայտնեցին, որ նա որևէ նամակ չի թողել, այլ զանգահարել է կնոջը և տեղյակ պահել իր քայլի մասին՝ հորդորելով երեխաներին լավ նայել: Ու մինչ կինը կհասներ կամուրջ, ամուսինը արդեն ցած է նետվել: Հիմա հարազատները փորձում են հասկանալ կատարվածի պատճառը: Ոստիկանության նախկին աշխատակցի եղբայրը ևս իր աղբյուրներով փորձում է պարզել, թե ինչն է եղբորը դրդել ինքնասպանության:




Լրահոս