Ըստ ԵԱՏՄ պայմանագրի` ավելի քան 30 ՀՀ քաղաքացի կարող է ընդգրկվել հանձնաժողովում. Սուրեն Կարայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տարածված լուրերի համաձայն, Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ քաղաքացիներին նոր պաշտոններ կտրվեն: Այսինքն՝ Հայաստանի քաղաքացիների համար ԵՏՄ տարբեր ստորաբաժանումներում հաստիքներ կբացվեն:

Այս առիթով Armlur.am-ը զրուցեց ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանի հետ` հասկանալու համար, թե ինչպես է կատարվում ՀՀ քաղաքացիների նշանակումը հանձնաժողովում: Ի պատասխան, Կարայանը նշեց, որ ըստ ԵԱՏՄ պայմանագրով սահմանված դրույթների, ավելի քան 30 ՀՀ քաղաքացի կարող է ընդգրկվել ԵԱՏՄ Հանձնաժողովի անձնակազմում:

 – Պարո՛ն Կարայան, 2015 թվականի վերջին ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի որոշմամբ  նախագահի պաշտոնում նշանակվեց Տիգրան Սարգսյանը, իսկ Կարինե Մինասյանը նշանակվեց ԵԱՏՀ կոլեգիայի անդամ-նախարարի պաշտոնում: Նախատեսվո՞ւմ է արդյոք այլ ղեկավար պաշտոններում Հայաստանի քաղաքացիների նշանակում:

– Այո, քանի որ ԵԱՏՄ պայմանագրով նախատեսվում է անդամ պետությունների քաղաքացիների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար կազմում մասնակցության հավասարության սկզբունք, ըստ այդմ Կոլեգիայի անդամների, դեպարտամենտների ղեկավարների և նրանց տեղակալների թվաքանակի մեկ հինգերորդ մասը պետք է ներկայացված լինեն անդամ երկրների քաղաքացիներից՝ հաշվի առնելով, որ այժմ ԵԱՏՄ կազմում ներգրավված են հինգ երկրներ:
Ինչպես գիտեք, ԵԱՏՄ պայմանագիրը ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 1-ից , որով սահմանված է, որ մինչև 2016 թվականի փետրվար ԵԱՏՀ կգործի Մաքսային միության հանձնաժողովի կառուցվածքով և համապատասխանաբար նրանում ընդգրկված աշխատակիցները կշարունակեն իրենց գործունեությունը մինչև այդ ժամկետի ավարտը: Հավասար ներկայացվածության սկզբունքը ապահովվել էր միայն ԵԱՏՀ կոլեգիայի կազմում, որտեղ 2015 թվականից նշանակվել էին Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ:

Արդեն 2016 թվականի փետրվարից ամբողջապես պետք է կիրառվի անդամ երկրների քաղաքացիների հավասար ներկայացվածության սկզբունքը, ըստ նախնական պայմանավորվածության դեպարտամենտների 5 տնօրենների, դեպարտամենտների տնօրենների 13 տեղակալների հաստիքներում պետք է նշանակվեն ՀՀ քաղաքացիներ:
Այժմ ՀՀ կառավարությունը անդամ երկրների կառավարությունների հետ համատեղ քննարկում է ԵԱՏՄ հանձնաժողովի նոր կառուցվածքը, ըստ որի նախատեսվում է 25 դեպարտամենտի տնօրենի և 65 դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոններ: Միաժամանակ քննարկվում է ըստ ոլորտների դեպարտամենտների տնօրենների և դրանց տեղակալների հաստիքների բաշխման հարցը, և մենք աշխատանքներ ենք իրականացնում Հայաստանի Հանրապետության համար առավել կարևորություն ներկայացնող ոլորտներում հաստիքներ ստանալու համար:

– Նախատեսվո՞ւմ է արդյոք այլ պաշտոններում ՀՀ քաղաքացիների ներգրավում և այստեղ ևս առկա է ըստ երկրների հաստիքների բաշխման հստակ կարգավորում:

-Ըստ ԵԱՏՄ պայմանագրի` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այլ պաշտոններում ևս պետք է ապահովվի անդամ պետությունների քաղաքացիների ներկայացվածություն և այս դեպքում սահմանվում է, որ այն պետք է համապատասխանի Հանձնաժողովի ֆինանսավորման մեջ անդամ պետության բաժնեմասին (Հայաստանի Հանրապետության համար 1.11 տոկոս), որը Հայաստանի դեպքում նշանակում է շուրջ 11 հաստիքներում ՀՀ քաղաքացիների ներկայացվածություն: Ընդհանուր առմամբ,  ըստ պայմանագրով սահմանված դրույթների, ավելի քան 30 ՀՀ քաղաքացիներ կարող են ընդգրկվել ԵԱՏՄ Հանձնաժողովի անձնակազմում:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս