Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախօրեին Կիեւում մի հայտարարություն է արել, որով, ըստ էության, Ադրբեջանին կանգնեցրել է փակուղու առջեւ: Ուկրաինացի իր գործընկերոջ` Արսենի Յացենյուկի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ նա ասել է. «Մոսկվան եւ Երեւանը իրական վտանգ են հանդիսանում Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վտանգված է այն աջակցության պատճառով, որ Հայաստանին ցուցաբերում է Ռուսաստանի Դաշնությունը»:
Այսպիսով` ակնհայտ է դառնում, որ Անկարան չի պատրաստվում ըմբռնումով մոտենալ իր «կրտսեր եղբոր»` Ադրբեջանի ռազմավարական շահերին եւ դրանցով թելադրված` վերջինիս առնվազն լոյալ հարաբերություններին Ռուսաստանի հետ: Ճիշտ հակառակը՝ Թուրքիայի վարչապետի նման հայտարարությունը ցույց է տալիս, որ Անկարայում ակնկալում են Ադրբեջանի ամբողջական եւ անվերապահ հավատարմությունը «ավագ եղբորը»: Բնականաբար, Ադրբեջանի համար նման հեռանկարը խիստ վտանգավոր կարող է լինել. Ադրբեջանն այն երկիրը չէ, որը կարող է իրեն թույլ տալ մեջքով շուռ գալ դեպի Ռուսաստանը, եւ այստեղ խնդիրը միայն Լեռնային Ղարաբաղի հարցը չէ, ոչ էլ անգամ էներգետիկ կամ տնտեսական համագործակցությունը:
Ադրբեջանն ու Ռուսաստանը կապված են բազմաթիվ այլ, շատ կարեւոր թելերով, այդ թվում եւ մի քանի միլիոնանոց ադրբեջանական սփյուռքի ներկայությունը Ռուսաստանում, Կասպիցի եւ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների` լեզգիների եւ թալիշների գործոններն ու դրանք վտանգավորության աստիճան ակտիվացնելու Ռուսաստանի հնարավորությունները:
Ուստի միանգամայն բնական է այն զսպվածությունը, որով Բաքուն արձաքանգեց կամ, ավելի ճիշտ, խուսանավեց Դավութօղլուի հայտարարությանն արձագանքելուց: Ադրբեջանն այսօր հայտնվել է մի իրավիճակում, երբ երկու կողմից ճնշումների ենթարկվելով հանդերձ` պետք է փորձի լիարժեք չտրվել կողմերից եւ ոչ մեկին, եւ, որ ուշագրավ է եւ մեզ համար դրական, ստեղծված իրադրությունում դրանից Բաքվի գինն ամենեւին չի բարձրանում:
Թե որքան կկարողանա Բաքուն չտրվել Մոսկվայի եւ Անկարայի կամ-կամ-ի պարտադրանքին, կախված է ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության հետագա ընթացքից: Մեզ համար այս փուլում կարեւոր է ճիշտ կողմնորոշվելն ու ստեղծված իրավիճակից հնարավորինս մեծ օգուտներ քաղելը, այդ թվում եւ ռուս-ադրբեջանական զենքի վաճառքի նոր գործարքների կասեցման եւ մեր երկրի անվտանգության առավել վստահելի երաշխիքների ձեռք բերման տեսքով: Ի վերջո, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վատթարացումից հետո հայ-ռուսական հարաբերությունների հիմքում «թշնամուս թշնամին իմ բարեկամն է» ամենապրագմատիկ եւ իրեն արդարացրած սկզբունքն է: