Նազարբեկյան 48 շենքի առաջնահերթ խնդիրը կոյուղատար համակարգ ունենալն էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի Նազարբեկյան 48 շենքն արդեն ապահովված է նոր կոյուղագծով: Հունվարի վերջին նշված շենքի բնակիչների հետ կայացած Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի և Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Անահիտ Բախշյանի հանդիպման ժամանակ շենքի կոյուղատար համակարգի բացակայությունը դիտարկվել էր որպես հրատապ լուծում պահանջող խնդիր ու, ըստ այդմ, առաջնահերթության սկզբունքով անցկացվել է 200 գծամետր երկարությամբ նոր կոյուղագիծ:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանն այցելել ու տեղում ծանոթացել է կատարված աշխատանքներին: Վարչական շրջանի ղեկավարը շենքի բնակիչներին վստահեցրել է, որ բազմաբնակարան շենքում առկա մյուս խնդիրները, որոնք բարձրացվել էին նախորդ հանդիպման ժամանակ, ևս փուլային լուծում կստանան՝ պայմանով, որ անավարտ շենքի բնակիչները, ինչպեսև ժամանակին հանձն են առել, իրենց մասնակցությունը կունենան այդ հարցում: Շնորհակալություն հայտնելով կոյուղագծի անցկացման խնդիրը հրատապ լուծելու համար` Նազարբեկյան 48 շենքի բնակիչները մեկ անգամ ևս վերահաստատել են, որ պատրաստ են կատարել շենքի հետագա շահագործմանն ու պահպանմանը միտված իրենց պարտավորությունները:

Հիշեցնենք, որ Նազարբեկյան 48 շենքը սկսել է կառուցվել դեռևս խորհրդային տարիներին, սակայն բազմաբնակարանի վերջին հարկի ու տանիքի կառուցումը մնացել է անավարտ: Տարածքի ասֆալտապատման, ջրագծի և արտաքին լուսավորության ցանցի անցկացման հարցում ժամանակին աջակցել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը:




Լրահոս