Այսօր Երևանի Ամիրյան 2 հասցեում սկսվեց ապամոնտաժվել Երևանի մշակութային արժեքներից մեկը՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ճակատային հատվածը։
2009-ին, երբ գրադարանի շենքն ապամոնտաժեցին, ճակատային հատվածը պահպանվեց որպես մշակութային արժեք: Նաև հայտարարվեց, որ պահպանված այդ հատվածի շուրջը պետք է կառուցվի բազմաֆունկցիոնալ համալիր, որտեղ իր հարկաբաժինը կունենա նաև գրադարանը:
Նշենք, որ շենքը սեփականաշնորհել էր երջանկահիշատակ պատգամավոր Մելիք Գասպարյանը, ով 2010 թվականի հուլիսին դժբախտ պատահարի զոհ դարձավ: Նրա մահից հետո երկար ժամանակ շինարարությունը կանգ էր առել: Սակայն այսօր պարզ դարձավ, որ անհայտ մեկը թույլ է տվել ապամոնտաժումը։
Ահազանգի հետքերով ժամանել էր քաղաքապետարանի աշխատակիցներից Արամ Այվազյանը, ով լրագրողներին հայտնեց, որ քաղաքապետարանը թույլտվություն տվել է միայն ճակատային մասի մի որոշ հատվածի շինարարության համար:
Քաղաքապետարանի աշխատակիցը, ի դեպ, անակնկալի էր եկել` տեսնելով շինարարությունը: Նրան, ինչպես և լրագրողներին, տեղում աշխատող բանվորները թույլ չէին տալիս ներս մտնել՝ պատճառաբանելով, թե աշխատանքային օրն ավարտվել է, շեֆերից մարդ չկա:
Ի դեպ, բանվորներից մեկն ArmLur.am-ի նկարահանող խմբին հայտնեց, որ Վազգեն Սարգսյանի 3 հասցեում կառուցված շենքի շարունակությունն է լինելու՝ Սպիտակ տուն կոչվածը: Իսկ որոշներն էլ ասում են, թե հյուրանոց է կառուցվելու:
Թե ինչու են իրականում ապամոնտաժում մշակութային արժեք ունեցող շենքը, այդպես էլ անհայտ մնաց: Հուսանք՝ քաղաքապետարանը շատ արագ կկարգավորի հարցը:
Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան