Հայաստանի հրաձիգներն այսօր կմեկնեն Հունգարիա, որտեղ մեկնարկում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, մերոնք հանդես կգան 10մ հրացան, ատրճանակ, վազող թիրախ զենքաձեւերի մրցումներում, որին մասնակցում են 47 երկրների 588 մարզիկ-մարզուհի:
Եվրոպայի առաջնության պատմության մեջ առաջին անգամ ատրճանակ եւ հրացան ձեւերում կկիրառվեն խառը թիմային վարժություններ: Օդամղիչ ատրճանակ մեծահասակների պայքարում խառը թիմային զույգ են կազմել Նորայր Առաքելյանը եւ Էլմիրա Կարապետյանը, հրացան ձեւում՝ Քրիստիան եւ Իրինա Լաուերները:
Նշենք, որ Եվրոպայի առաջնությանը խաղարկվելու են նաեւ Ռիո-2016-ի 12 օլիմպիական ուղեգրեր հրացան եւ ատրճանակ վարժություններում: Դրա համար հարկավոր է տեղ զբաղեցնել մրցանակային եռյակում:
Հրաձգության հունգարական ստուգատեսում Հայաստանը կներկայացնեն 14 մարզիկ-մարզուհի. Մեծահասակներ` Հրաչիկ Բաբայան, Քրիստիան Լաուեր,Սուրեն Բերյան, Իրինա Լաուեր, Մարիամ Միքայելյան (հրացան), Նորայր Առաքելյան, Էլմիրա Կարապետյան (ատրճանակ):
Երիտասարդներ՝ Վրեժ Թորոսյանը, Հայկ Բաբայանը (հրացան), Զավեն Իգիթյան (ատրճանակ), Լիլիթ Մկրտչյան, Հովհաննես Խաչատրյան, Շանթ Սարգսյան, Ռազմիկ Մինասյան (վազող թիրախ):
Հրաձգության Եվրոպայի առաջնությունը կկայանա փետրվարի 22-28-ը, Հունգարիայի Գյոր քաղաքում: