Լրագրողական 10 կազմակերպություններ երեկ հանդես են եկել հայտարարությամբ` ՀՀԿ ղեկավարությունից պահանջելով պատասխանատվության ենթարկել լրագրողներին վիրավորած Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանին եւ հորդորել ինքնակամ վայր դնել պատգամավորական մանդատը: Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Սեդրակյանը, անցնելով միջանցքում հավաքված լրագրողների կողքով, վերջիններիս վկայությամբ` ասել է՝ էս ինչ նախիրա, ապա ասվածի վերաբերյալ բացատրություն տալու լրագրողներից մեկի պահանջին արձագանքելով` նախ հերքել է, որ ինքը նման բան է ասել, ապա անցել սեռական բնույթի հայհոյանքների: Հայտարարության հեղինակները նաեւ ԱԺ նախագահից եւ ՀՀԿ խմբակցությունից պահանջում են հրապարակավ դատապարտել Սեդրակյանի վարքը՝ հակառակ դեպքում խոստանալով դիմել միջազգային հանրությանը` անհատական պատժամիջոցների կիրառման կոչով:
Իհարկե, սա առաջին անգամը չէ, որ Սեդրակյանը աչքի է ընկնում նման անթույլատրելի պահվածքով: Դեռեւս 2012 թ դեկտեմբերին նա սպառնացել էր պոկել լրագրողներից մեկի ծնոտը, ինչի կապակցությամբ Աժ էթիկայի հանձնաժողովը որոշել էր, որ նա խախտել է պատգամավորական էթիկան, իսկ ինքը` Սեդրակյանն էլ հանդես էր եկել հայտարարությամբ, որը նրա կուսակցական գործընկերները ներկայացրին որպես հրապարակային ներողություն, թեեւ պատգամավորի տարածած տեքստում ներողություն հայցելու վերաբերյալ ոչինչ ասված չէր:
Ինչեւէ. հաջորդող տարիներին թե՛ Մ. Սեդրակյանի, թե՛ Աժ 1-2 այլ պատգամավորների վարքագծում ժամանակ առ ժամանակ եղել են նման անվայելուչ դրսեւորումներ, սակայն ուշագրավ է, որ դրանից կարճ ժամանակ անց նրանք շատ ջերմ շփումներ են ունեցել այն նույն լրագրողների հետ, որոնց հրապարակավ վիրավորել են:
Միանշանակ դատապարտելով պատգամավորի, քաղաքական կամ հանրային որեւէ գործչի նման պահվածքը՝ պետք է նկատենք, այստեղ նաեւ լրագրողական հանրությունն ունի իր մեղքի բաժինը: Ընդ որում, այս հարցում կա երկու տեսակետ. ոմանք պնդում են, որ նմանօրինակ գործիչներին լրագրողները պետք է առհասարակ բոյկոտեն, մոռացության մատնեն, քանի որ նրանք պարզապես արժանի չեն լրագրողների եւ հանրության ուշադրությանը: Իհարկե, սա էլ է հարցի լուծում, քանի որ այդպիսով հանրությունն անընդհատ սթրեսի չի ենթարկվի՝ տեսնելով, թե ինչ մակարդակի «ընտրյալներ» ունի, բայց մյուս կողմից էլ արդյոք դրանից, օրինակ, Մ. Սեդրակյանը դադարելու է Աժ պատգամավոր լինելուց, եւ արդյոք լրագրողները պարտավոր չեն ամբողջությամբ հանրությանն իրազեկելու եւ ցույց տալու մեր «ազգընտիրների» իրական պատկերը:
Դժվար է միանշանակ ասել, թե մեր դեպքում որն է ճիշտ տարբերակը: Մի բան, սակայն, հանուն արդարության, պետք է նշել՝ որքան որ վերջին տարիներին իջեցվել է ՀՀ ԱԺ պատգամավորների կրթական եւ բարոյական նշաձողը, նույնքան էլ, ցավոք, աղճատվել է որոշ լրագրողների մասնագիտական վարքականոնը: