Փետրվարի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած «Հայկյան» ամենամյա մրցանակաբաշխությանը խրախուսվեցին 2015թ. երիտասարդական ոլորտում ակտիվ գործունեություն ծավալած կառույցները, անձինք։
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։
«Հայկյան» մրցանակաբաշխությունը կազմակերպում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ ընտրվել են այն կազմակերպությունները, որոնք կարողանում են իրենց գործով առանձնանալ. «Ուզում ենք՝ այդ աշխատանքների մասին իմանան բոլորը։ Նրանք միայն իրենց համար չեն աշխատում»։ Ըստ Ավագյանի՝ տարիների ընթացքում երիտասարդների կողմից բարձրացված բազմաթիվ հարցեր են լուծվել. ուսման վարձի փոխհատուցում (միայն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով 4-5 տարիների ընթացքում մոտ 5 հազար ուսանողի ուսման վարձ է փոխհատուցվել մասնակի կամ ամբողջությամբ), բնակարաններով ապահովման, երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրեր և այլն։
Կարեն Ավագյանը, երեկոյի ընթացքում խոսելով երիտասարդական ոլորտում կատարվող աշխատանքների մասին, նշել է, որ դրանք արվում են ՀՀ նախագահի աջակցության շնորհիվ։ «Բոլորը գիտեն, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ստեղծումը երիտասարդական ոլորտում երկրի նախագահի վարած քաղաքականության արդյունքն է։ Պարո′ն Նախագահ, թույլ տվեք մեր երիտասարդության և ուսանողության անունից շնորհակալություն հայտնել Ձեզ։
Չգիտես ինչու, վերջին ժամանակներս մենք շատ դժվարությամբ ենք կարողանում արտասանել շնորհակալություն բառը, երախտագետ լինել արվածի համար, ներկայացնել լավ գործերը։ Մտածում ենք, թե այդ շնորհակալությունը մարդիկ գուցե այլ կերպ ընկալեն։ Ու այս կոմպլեքսները տարիների ընթացքում հասցրել են նրան, որ մեր շատ գործերի մասին չի բարձրաձայնվում՝ կարծելով, թե մարդիկ, միևնույն է, տեսնում են դրանք։ Մենք լավ մթնոլորտի, դրական մտածողության տարածման կարիք ունենք, մանավանդ որ այդ գործերը, հանուն որոնց արժե շնորհակալ լինել, շատ են»,- ասել է Կարեն Ավագյանը։
Նշենք, որ «Հայկյան» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունն ուղեկցվում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ։ Ելութ ունեցան անվանի արտիստներ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն