Փետրվարի 7-ին նորածնի մահվան հերթական դեպքն է գրանցվել հանրապետությունում: ArmLur.am-ի տեղեկություններով` ըստ դատաբժշկական փորձաքննության նախնական վարկածի՝ ծննդաբերության ժամանակ երեխան ստացել է գլխի, ողնաշարի փակ բութ վնասվածք, ինչն էլ մահվան պատճառ է դարձել: Մահը, ինչպես ավելի վաղ հայտարարել էին երեխայի ծնողները, Սիմա Եփրեմյանն ու Մակար Անտոնյանը, վրա է հասել Երևանի «Մուրացան» ԲԿ-ում, իսկ մահացու վնասվածքը ստացել է «Արտաշատ» ԲԿ-ում, որտեղ էլ ծնվել է:
«Արտաշատի» բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանը ավելի վաղ ArmLur.am-ին հայտնել էր, որ բարդ ծննդաբերություն է եղել, իսկ բժշկուհի Զեմֆիրան, ում անունը շրջանառվում էր կատարվածում, ծննդաբերությանը ներկա չի եղել: Իսկ հետագայում երեխայի ծնողները նահվան մեջ մեղադրեցին «Արտաշատ» ԲԿ ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Հովհաննիսյանին և Հայկանուշ Փիլոյանին, ովքեր ընդունել են երեխայի ծնունդը:
Եվ ահա, այսօր ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ նորածնի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
ArmLur.am-ի հետ զրույցում մահացած երեխայի հայրը՝ Մարատ Անտոնյանը, հայտնեց, որ ինքն արդեն հարցաքննվել է: Մեր զրուցակիցը, սակայն, նշեց, որ իր պահանջը մեղավոր բուժաշխատողների նկատմամբ խիստ պատիժ սահմանելը չէ. «Բնական է, որ բժիշկները պետք է արդարանան: Բայց փաստը մնում է փաստ: Բայց ես բժշկուհուն մինչև վերջ չեմ մեղադրում, չեմ պահանջում, որ խիստ դատապարտեն: Այդ օրվա բժշկուհիները երկար տարիների աշխատանքային փորձ ունեն, մեծ գործ են արել մեր տարածաշրջանի համար: Երկու աղջիկներիս ծննդաբերությանն իրենք են ներկա եղել: Նրանց օգնությամբ լույս աշխարհ եկած երեխաներն արդեն ամուսնացել են»:
Հարցին՝ որը պետք է լինի այս դեպքում որդեկորույս ծնողների պահանջը, մեր զրուցակիցը մանրամասնեց. «Մեր պահանջն այն է, որ նրանց մեղավոր ճանաչելուց հետո ինչ-որ չափով տուգանեն: Բայց տույժը պետք է նորմալ լինի, որ զգաստանան, այսուհետ ավելի ուշադիր լինեն»: