ՀԾԿՀ-ն վարպետորեն վատնում է պետական միջոցները. ջրի պես բենզին է խմում և շռայլ գնումներ անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազի եւ էլէներգիայի սակագները զսպելու ու սպառողների շահերը հաշվի առնելու միակ մեխանիզմը, ինչպես հայտնի է, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի բարեխիղճ աշխատանքն է: Սակայն անցած տարիների ընթացքում բազմիցս հաստատվել է այն փաստը, որ այս մարմինն ի վիճակի չէ սակագների բարձրացումները կանխել: Փոխարենը վարպետորեն վատնում է պետական միջոցները:

Հիշեցնենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստեղծվել է 1997 թվականի ապրիլի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով: Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներն են՝ էներգետիկայի բնագավառը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը, ջրային համակարգը՝ խմելու, ոռոգման, տեխնիկական արդյունաբերական ջրի մատակարարումը, ջրահեռացումը եւ կեղտաջրերի մաքրումը եւ հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը: Սակայն նշված ոլորտները կարգավորելու փոխարեն հանձնաժողովը փոշիացնում է պետական միջոցները` բյուջեի հաշվին տարեկան մի քանի տասնյակ միլիոն դրամի գնումներ իրականացնելով: Իսկ 2016 թվականի համար հանձնաժողովի նախատեսած գնումները կազմում են մոտ 85 մլն դրամ:

Մասնավորապես ընթացիկ տարվա համար ՀԾԿՀ-ն գնել է մոտ 26 տոննա պրեմիում տեսակի բենզին՝ վճարելով 11 մլն 583 հազար դրամ: Նախ նշենք, որ անհասկանալի է, թե ինչու հենց պրեմիում, եւ ոչ թե ռեգուլյար տեսակի բենզին, որը մոտ 20 դրամով ավելի էժան է: Բացի այդ` հանձնաժողովը պրեմիում տեսակի բենզինի 1 լիտրը գնել է 450 դրամով, այն դեպքում, երբ այսօր ՀՀ գրեթե բոլոր բենզալցակայաններում այն վաճառվում է 400-410 դրամով: Ի դեպ, նույնիսկ սուպեր տեսակի բենզինի 1 լիտրը 450 դրամ չէ: Թե ինչու է հանձնաժողովը 40-50 դրամ թանկ գնել բենզինը, այս մասին պաշտոնական փաստաթղթերում որեւէ բացատրություն չկա: Միաժամանակ տեղեկացնենք, որ ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը ՀՀ բենզալցակայաններում վաճառվում է 390 դրամով:
Բենզինային գնումներից անցում կատարենք դեպի տոներային քարտրիջներ: Այսպես, վերոնշյալ կառույցը ընթացիկ տարում տոներային քարտրինջների համար ավելի քան 6.5 մլն դրամ է հատկացրել: Իսկ ձեռքի թղթե սրբիչների համար պետբյուջեի միջոցներից հատկացվել է ավելի քան 1.5 մլն դրամ: Գնվել են նաեւ ջրի ծորակ, դռան փականներ, ավել, զուգարանի թուղթ, ըմպելու ջուր, հատակի մաքրման նյութեր: Կարճ ասած՝ 28 մլն 36 հազար դրամ հատկացվել է նման պարագաներ ձեռք բերելու համար:
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ հանձնաժողովը ընթացիկ տարվա համար գնել է ավտոմեքենայի 4 անիվներ, որոնց համար վճարել է 204 հազար դրամ: Բացի այս՝ գնվել է նաեւ ավտոմեքենայի 2 անիվ՝ 43 հազար 700 դրամով:

Ավելի քան 33.5 մլն դրամ էլ հատկացվել է տարբեր ծառայություններ ձեռք բերելու համար. օրինակ՝ 2 մլն 500 հազար դրամ հատկացվել է ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար: Իսկ, ահա, փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայությունների համար հատկացվել է 500 հազար դրամ: Բացի այս՝ պետական այս կառույցը 2016 թվականին սպառվելիք էլեկտրաէներգիայի համար վճարել է 11 մլն 600 հազար դրամ, գազի համար՝ 2 մլն դրամ, կապի համար՝ մոտ 5.5 մլն դրամ: Իսկ կանոնավոր օդային փոխադրման ծառայությունների ծախսերը կազմել են 4 մլն դրամ:
Հիշեցնենք, որ անցած տարեվերջին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորեց տնտեսել պետական միջոցները: Սակայն ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը կարծես թե առանձնպես չի կարեւորում վարչապետի հանձնարարականները: Չնայած ծախսերը կրճատելու եւ տնտեսելու մասին Հ. Աբրահամյանի հորդորներին` Ռոբերտ Նազարյանի ղեկավարած կառույցն այս տարի կգնի 25 հատ համակարգչային մոնիտոր՝ 2 մլն 525 հազար դրամով, 2 հատ հեռուստացույց՝ ընդհանուր 273 հազար դրամ, 1 հատ 85 հազար 900 դրամով սառնարան, 4 հատ լվացող փոշեկուլ՝ ընդհանուրը 644 հազար դրամի: Եւ, իհարկե, հանձնաժողովը չի մոռացել նաեւ մեքենա գնելու մասին՝ 1 հատ սեդան թափքով մեքենա՝ 10 մլն դրամ արժողությամբ:

Հ.Գ. Ի դեպ, բենզինի գնման վերաբերյալ ՀԾԿՀ-ից «Ժողովուրդ»-ին պարզաբանեցին, որ գնման փաստաթղթերում փոփոխություն է կատարվել եւ բենզինը գնվել է 1 լիտրը 420 դրամով: Իհարկե, այդ գինը եւս շուկայականից առնվազն 10 դրամ թանկ է, բայց առավել ուշագրավ է այն փաստը, որ ՀԾԿՀ-ն չգիտես ինչու 12 հատ ծառայողական ավտոմեքենա ունի: Այսինքն, հանձնաժողովի նախագահից եւ չորս անդամներից բացի ծառայողական ավտոմեքենա ունեն նաեւ աշխատակազմի 7 ղեկավար պաշտոնյաները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս