ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԴԱ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ Մալթայից կրած խայտառակ պարտության եւ Դանիայի հավաքականի նկատմամբ տարած փառահեղ հաղթանակի թեման շարունակում է մնալ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում:
Հայտնի մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը երեկ «Ֆորում» մամուլի ակումբում խոսեց իր պատկերացրած պատճառների, ընդհանրապես մեր հավաքականի, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականների մասին: «Իհարկե, եղան տակտիկական սխալներ, բայց կարծում եմ` պարտության գլխավոր պատճառն այն էր, որ մեր ֆուտբոլիստներն արհամարհել էին Մալթային,-ասաց Բաղդասարյանը` հավելելով, որ այսօր Եվրոպայում թույլ թիմեր չկան, համենայնդեպս, պաշտպանվել բոլորը գիտեն,-եթե լավ հարձակվողներ չունեն, չեն կարողանում դաշտում գերիշխել, ամբողջ թիմով շարվում են ու գրագետ պաշտպանվում: Մալթան էլ, այդ կարգի թիմ լինելով, մեր հավաքականին տակտիկապես գերազանցեց: Իհարկե, կազմն էլ սխալ էր ընտրվել: Բայց շատ հեշտ է ետին թվով նման եզրակացություններ անել: Հայաստանի հավաքականը առանց այն էլ պահեստայինների շատ կարճ նստարան ունի, եւ եթե Մալթայի հավաքականի հետ խաղում ֆուտբոլիստներ չպետք է փորձարկվեն, ապա էլ ե՞րբ պետք է փորձարկվեն: Չէ՞ որ հիմնական կազմից մեկը կարող է որակազրկվել կամ վնասվածք ստանալ, եւ նրան արժանի փոխարինող պետք կլինի: Մալթային պարտվելը, ամեն դեպքում, խայտառակություն էր, եւ ճիշտ է ժողովրդի դժգոհությունը: Բայց Դանիայի հետ խաղն ապացուցեց, որ մեր հավաքականը կարող է խաղալ, չի մոռացել այն խաղը, որ ցուցադրում էր նախորդ շրջափուլում»:
Լուրեր են պտտվում` իբր ՀՖՖ նախագահը Մալթայի հետ խաղը վաճառել է, ֆուտբոլիստները խաղադրույքներ են կատարել (տոտալիզատորներում Մալթայի հաղթանակի գործակիցը 10 էր) ու դիտավորյալ պարտվել: Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահը հայտարարել է, որ ոչինչ չի վաճառում, առավել եւս` ֆուտբոլում: Ֆուտբոլիստների առումով բանախոսն ասաց. «Նման բան ոչ ոք անել չէր կարող` հաշվի առնելով հենց Ռուբեն Հայրապետյանի անձը: Եթե մի ուրիշ թույլ ղեկավար լիներ, գուցե անեին: Պատմության մեջ բազմաթիվ այդպիսի օրինակներ կան: Օրինակ՝ հենց «Փյունիկ» եւ Մակեդոնիայի «Ռաբոտնիչկի» թիմերի խաղը: Նրանց ակումբը, որ Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի որդունն էր, 2-3 միլիոն եվրո աշխատավարձի պարտք ուներ (առաջին աղբյուրից եմ իմացել): Թիմի տերը ֆուտբոլիստներին ասել էր, որ եթե ուզում են աշխատավարձ ստանալ, հարմար առիթ է, թող որոշեն` խաղը տալի՞ս են. «Գնացե՛ք, խաղադրույքնե՛ր արեք»: Եթե չեմ սխալվում, «Փյունիկ»-ի հաղթանակը 8 գործակից էր: Եվ 15 րոպե անց հաշիվն արդեն 3:0 էր: Հայաստանի պարագայում դա բացառվում է` հաշվի առնելով Ռ. Հայրապետյանի ներկայությունը»:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս