Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ Օպերայի շենքի հարակից տարածքում այսօր իրականացված ապօրինի ծառահատումների ահազանգի հետքերով տվյալ տարածք են այցելել Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության և «Կենտրոն կանաչապատում» ընկերության մասնագետները՝ տեղում պարզելով, որ ապօրինաբար հատվել է երկու հացենի տեսակի ծառ: Ապօրինի ծառահատում իրականացնելու փաստով կազմվել է համապատասխան ակտ, նաև նախապատրաստվել են գրություններ, որոնք կուղարկվեն ՀՀ բնապահպանության նախարարության Երևան քաղաքի բնապահպանական պետական տեսչությանն ու Երևան քաղաքի ոստիկանությանը՝ համապատասխան ընթացք տալու համար:
Երևանի քաղաքապետարանը դատապարտում է ապօրինի ծառահատման ցանկացած դեպք և հերթական անգամ նախազգուշացնում, որ նման իրավախախտում կատարող յուրաքանչյուր ոք կենթարկվի պատասխանատվության»: