Մոտ երկու շաբաթ առաջ Վարդան Օսկանյանի «Սիվիլնեթ» ինտերնետային կայքում թարգմանաբար ներկայացվեց ֆրանսիական «Նուվել դ’Արմենի» ամսագրում հրապարակված հետաքննական հոդվածն այն մասին, որ դեռեւս 2006թ. Սերժ Սարգսյանը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի գործընկեր, «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության հիմնադիր Մայքլ Քամբեկի միջոցով օգտվել է ամերիկյան Burson-Marsteller փիար ընկերության ծառայություններից` դրանց համար վճարելով ավելի քան կես միլիոն ԱՄՆ դոլար: Ընդ որում, այդ կազմակերպության ծառայություններից ժամանակին օգտվել էին այնպիսի բռնապետեր, ինչպես Ռումինիայի տխրահռչակ նախագահ Չաուշեսկուն, Ինդոնեզիայի բռնապետ Սուհարտոն, 1980թ. Արգենտինայի խունտայի անդամները եւ այլք: Եվ ահա այդ սկանդալային հրապարակմանը երեկ հետեւեց մեկ այլ ուշագրավ հրապարակում: Առաջին լրատվականը տեղեկացրեց, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը որոշել է համագործակցել ամերիկյան լոբբիստական Aristotle խմբի հետ, որը զբաղվում է օտարերկրյա քաղաքական գործիչների օգտին ամերիկյան պետական եւ քաղաքական շրջանակներում լոբբիստական աշխատանքով: Ընդ որում, կազմակերպության հետ աշխատանքները համակարգելու է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Այս տեղեկատվությանն ի լրումն կայքը հիշեցրեց, որ 2012թ. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ամերիկյան այս լոբբիստական խմբի ներկայացուցիչներին հրավիրել էր Հայաստան՝ կուսակցության քարոզչական աշխատանքները կազմակերպելու համար: Սակայն մի քանի շաբաթ Հայաստանում մնալուց հետո կազմակերպության ներկայացուցիչները մեկնել էին՝ հայտնելով, որ որեւէ ձեւով չեն կարող օգտակար լինել կուսակցության իմիջի բարձրացմանը: Մի կողմ թողնելով Հայաստանի նախկին եւ ներկա նախագահների կողմից օտարերկրյա փիար եւ լոբբիստական կազմակերպություններ վարձելու մասին տեղեկությունների պատճառահետեւանքային կապը՝ անդրադառնանք էլ ավելի կարեւոր այն հարցին, թե ինչու են ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչներն իրենց վարկանիշը բարձրացնելու համար դիմում օտարերկրյա կազմակերպությունների` դրա վրա հարյուր հազարավոր դոլարներ ծախսելով (բնականաբար` ոչ անձնական գրպանից): Չէ՞ որ, ի վերջո, ՀՀ նախագահական կամ խորհրդարանական ընտրություններում նրանց ընտրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Այդ ի՞նչ աստիճանի թքած ունեն ՀՀ ներկա եւ նախկին նախագահները ՀՀ շարքային քաղաքացու կարծիքի, նրա ընտրության վրա, որ փոխանակ իրական քայլեր անեն երկրի ներսում իրենց վարկանիշը բարձրացնելու համար, միլիոնավոր դոլարներ են վճարում դրսի փիարշչիկներին: Իհարկե, նրանք բոլորից լավ գիտեն, թե ինչպես գնել եւ կեղծել ՀՀ քաղաքացիների ձայները, գիտեն նաեւ լռեցնելու ձեւերը: Սակայն, ամեն դեպքում, նրանց չէր խանգարի հիշել, թե ինչ բախտի արժանացան իրենց պես օտարերկրյա փիարշչիկներ վարձող վերը նշված բռնապետերը:
ՓԻԱՐԱՄԻՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ