Ընտրական օրենսգիրքը շրջանառության մեջ կդրվի, սակայն ընդդիմադիրները փաստաթղթից մի տող անգամ չեն կարդացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանություններն այսօր շրջանառության մեջ կդնեն ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը: Ամենայն հավանականությամբ, այն կներկայացվի ՀՀ կառավարության՝ այս հինգշաբթի կայանալիք նիստի հաստատմանը: Նկատենք, որ մինչ ՀՀ Սահմանադրության նոր նախագծի հրապարակումը, ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ արդեն իսկ ՀՀԿ վերնախավը չակերտներ էր բացում:

Սակայն, ո՛չ ընդդիմադիրները, ո՛չ էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները փաստաթղթին նույնիսկ տեղյակ չեն և առանց դրան ծանոթ լինելու երեկ քննարկման էին մասնակցում: Եվ չնայած հրավերին` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ ներկա չէին Ընտրական նոր օրենսգրքի շուրջ քննարկմանը:

Բացի այս՝ հետաքրքիր էր նաեւ այն, որ քննարկումը ծավալվում էր առանց ընտրական օրենսգրքի նախագծին ծանոթ լինելու: Ներկաներն անգամ տեղյակ չէին` ի վերջո, նախագիծն ուղարկվել է ԵԽ Վենետիկի հանձնաժողով, թե ոչ: Այս առնչությամբ քննարկմանը ներկա ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց. «Իրենք ունեն նախագիծը, բայց չեն եկել քննարկման: Այն ուղարկել են Վենետիկի հանձնաժողով: Եթե իրենք ազնիվ ցանկություններ ունենային, ապա առաջինը կբանակցեին իրենց գործընկերների հետ»:

ԱԺ  անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ  ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկման ժամանակ անընդունելի համարեց համամասնական ընտրական համակարգի ռեյտինգային տարբերակը: Նրա խոսքով՝ այդպիսի համամասնական ընտրակարգ ասվածը տարբերվելու է բոլորին հայտնի կարգից: «Իշխանությունը կարող է ներդնել ռեյտինգային տարբերակը եւ հաղթել բոլոր տեղամասերում: Այս հարցի վրա պետք է կենտրոնանալ: Նման իրավիճակներ ստեղծվել են միայն համապետական ընտրությունների՝ նախագահական ընտրությունների եւ հանրաքվեների ժամանակ»,- ասաց Մարուքյանը:

«Ժողովուրդ»-ը փորձեց հանրապետականներից պարզել, թե ինչու քննարկմանը չէին մասնակցում: Սակայն իշխանական այս ներկայացուցիչներից մեկնաբանություն ստանալու մեր փորձերն ապարդյուն անցան:




Լրահոս