Ծայրաստիճան անլուրջ վերաբերմունք` պետական համակարգի նկատմամբ. Սերժ Սարգսյանի անձնական քմահաճույքները հայրենիքը կրկեսի են վերածել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանը հերթական կառուցվածքային փոփոխությունն է կատարել ՀՀ կառավարության կազմում: Նրա հրամանագրով ֆինանսների նախարարությունից առանձնացվել է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն: Եթե ՏԿԱԻ նախարարության բաժանումը հիմնավորվեց քաղաքական նպատակահարմարությամբ, ինչն արժանացավ բուռն քննադատության, ապա այս դեպքում ընդհանրապես որեւէ ընկալելի պատճառաբանություն դժվար է պատկերացնել, բացի, իհարկե, զուտ անձնական դրդապատճառներից:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը միավորվեց ֆինանսների նախարարությանը 2014թ. մայիսին: Եվ այն ժամանակ, ինչպես եւ ՏԿԱԻՆ-ի դեպքում, վերստին հայտարարություններ հնչեցին, թե այդ միավորմամբ կբարձրանա ընդհանուր ոլորտի համակարգման արդյունավետությունը եւ այլն, եւ այլն: Սակայն դեռ այն ժամանակ շատերի համար պարզ էր, որ այդ երկու կառույցների միավորմամբ Գագիկ Խաչատրյանը վերածվում է «սուպերնախարարի»` «սուպերլիազորություններով», եւ դա Սերժ Սարգսյանի հետ կոնկրետ քաղաքական պայմանավորվածության արդյունք է, որը ոչ մի կապ չունի աշխատանքի արդյունավետության բարձրացման հետ:

Ներկայումս հայտնի չէ, թե որն է Գագիկ Խաչատրյանին «սուպերնախարարի» կարգավիճակից զրկելու պատճառը, սակայն մի բան ակնհայտ է. նման հաճախականությամբ իրականացվող կառուցվածքային փոփոխությունները խոսում են պետական կառավարման համակարգի նկատմամբ ծայրաստիճան անլուրջ վերաբերմունքի մասին, ինչի արդյունքում, ի դեպ, տուժում են ոչ միայն տարին մեկ միավորվող, ապա տարանջատվող գերատեսչությունների աշխատակիցները, այլեւ այդ գերատեսչությունների կանոնակարգման ոլորտները:

Ս. Սարգսյանը ժամանակին հայտարարում էր, թե մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Սակայն այն, ինչ տեղի է ունենում այսօր, այլ կերպ, քան կրկես դժվար է որակել: Ի վերջո, ինչքան կարելի է անձնական քմահաճույքներով, առանց որեւէ տրամաբանական հիմնավորման` նման կադրային եւ կառուցվածքային փոփոխություններ անել: Ընդ որում, նկատենք, որ հենց Ս. Սարգսյանի օրոք ներմուծվեց այն կարգը, համաձայն որի՝ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության պատճառները որեւէ անգամ չեն ներկայացվում: Մինչդեռ նախկինում, թեկուզ հաճախ ոչ իրական, այդուամենայնիվ, ներկայացվում էր ազատման ֆորմալ պատճառը` առողջական խնդիրներ, այլ աշխատանքի անցնել եւ այլն:

Փետրվարի 12-ին իր երկարաշունչ ելույթում Սերժ Սարգսյանը բարձրագոչ հայտարարություններ էր անում այն մասին, թե ինչպիսի պաշտոնյաներ են մեր երկրին պետք` դժգոհելով, որ «համայնքի ղեկավարից սկսած մինչեւ բարձրաստիճան պաշտոնյա չկատարած աշխատանքի համար մեղքը բարդում են վերադասի վրա»: Իսկ ինչ պետք է անեն այդ պաշտոնյաները, երբ բոլոր որոշումները կայացնում է վերադասը` բացառապես անձնական քմահաճույքներից ելնելով:




Լրահոս