Լրագրողական երեք կազմակերպություններ երկուշաբթի օրը դիմել են Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) կողմից լրագրողին հայհոյելու դեպքի վերաբերյալ, որպեսզի հանձնաժողովը պարզի՝ արդյո՞ք պատգամավորը խախտել է էթիկայի նորմը:
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց լրագրող Փայլակ Ֆահրադյանը: Ընդգծենք, որ հենց նրա և պատգամավոր հետ է տեղի ունեցել հայտնի միջադեպը:
Փայլակ Ֆահրադյանը նշեց, որ լրագրողներին «նախիր» որակելը դիմումում չեն ընդգրկել՝ հաշվի առնելով, որ այդ փաստը, ըստ էության, տեսանյութերում չկար: «Դիմումում ներառել ենք միայն հայհոյելու հանգամանքը, քանի որ հայտնի է, որ վիրավորանքի պահը ֆիքսված չէ», – նշեց նա:
Նա տեղեկացրեց, որ հանձնաժողով են դիմել «Լրագրողների միավորում», «Մեդիա և իրավունք» և «Ազատ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ները:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը ԱԺ-ի փետրվարի 19-ի արտահերթ նիստի ժամանակ լրագրողներին «նախիր» էր անվանել, որից ետո հայհոյել էր իրենից պարզաբանում խնդրող լրագրողին: