«Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ-ն Վ. Սարգսյան (նախկին Նալբանդյան), Դեղատան եւ Խորենացու փողոցների հատման կետում գտնվող հուշարձան շենքերի պահպանական գոտում տեւական ժամանակ շինարարական աշխատանքներ է իրականացնում:
«Ժողովուրդ»-ն այդ աշխատանքների օրինականության վերաբերյալ հարցեր էր ուղղել ՀՀ մշակույթի նախարարություն, որոնց վերաբերյալ ստացված պատասխանների զգալի մասը ներկայացրել էինք մեր երեկվա համարում: Իր պատասխանում նախարարությունը նաեւ հավելել էր. «Հուշարձան-շենքում այժմ իրականացվում են լրացուցիչ հետազոտման եւ շինարարական աղբի մաքրման աշխատանքներ, իսկ մասնակի քանդման եւ ապամոնտաժման աշխատանքներն իրականացվում են հուշարձանի ծավալից դուրս, որի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար պետք է դիմել Երեւանի քաղաքապետարան»:
Մշակույթի նախարարության երկարաշունչ, լղոզված ու անհասկանալի պարզաբանումներով պատասխանը խնդրից հերթական անգամ ճարպկորեն խուսանավելու ձեւ էր, քանզի լրագրողական մեր փոքրիկ հետաքննության արդյունքում այլ պատկեր բացահայտվեց: Պարզվեց, որ շինարարական աշխատանքներն իրականացվում են առանց սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերի: Նախարարությունից հայտնել էին, որ գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել ու անընդունելի էր համարվել «Ամերիա բանկ»-ի ներկայացրած էսքիզային նախագիծը: Դա նշանակում է, որ հիմնական նախագիծն էլ չի ներկայացվել նախարարություն, բայց շինարարությունն ընթանում է: Ինչպես, ում թույլտվությամբ կամ որ մասնագիտական դրական եզրակացության արդյունքում` հայտնի չէ: Գուցե պետական այրերից ինչ-որ մեկը տեսել է նախագծի ուրվակա՞նը:
Ի դեպ, նախարարության գործառույթներից մեկն էլ վերահսկողություն իրականացնելն է գործընթացի վրա, եւ ամենեւին էլ կապ չունի` հանրապետական, թե տեղական նշանակության հուշարձանի մասին է խոսքը: Օրենքն ասում է, որ հուշարձանի բարեկարգման, ամրակայման համար փորձագիտական եզրակացություն է պետք: Ո՞ւր է այդ եզրակացությունը, եւ որտե՞ղ է սահմանված, որ շինարարական աշխատանքները պետք է արվեն, օրինակ, առանց հուշարձանի հնագիտական շերտերը խաթարելու:
Հուշարձանի դիմացի մայթին ՀՀ գլխավոր դատախազության շենքն է, ու հետաքրքիր է` մեր դատախազները գոնե մի անգամ չե՞ն նկատել այդ ամենը, թե՞ դա չի մտնում «պետական շահերի պաշտպանություն» ձեւակերպման մեջ: Չէ՞ որ մի կողմից մշակույթի նախարարությունն է պաշտոնական անգործության մատնված, մյուս կողմից էլ ինքնակամ շինարարություն է իրականացվում: Պարզվում է` նախարարությունը, «հաշվի առնելով գիտամեթոդական խորհրդի դիտողություններն ու առաջարկությունները, ներկայացված նախագծի լրամշակման համար մշակել է հուշարձան-շենքերի եւ պատմական միջավայրի պահպանման շահերից ելնող համապատասխան սահմանափակումներ»: Եթե իսկապես կա այդ փաստաթուղթը, ապա գուցե դա հրապարակե՞ն: Ավելին, օրենքն ասում է, որ լիազոր մարմինը` մշակույթի նախարարությունը, դրական կամ բացասական եզրակացություն է տալիս ներկայացված փաստաթղթին: Այսինքն՝ այլ իրավասություն նա չունի:
Չի բացառվում, որ շենքը նաեւ ճարտարապետական փոփոխությունների ենթարկվի (եթե ոչ արտաքին, ապա ներքին` հաստատ): Հիշեցնենք, որ դա էլ կարող է կատարվել միայն կառավարության համապատասխան որոշմամբ: Հուշարձանների պահպանության մասին օրենքը հստակ սահմանել է` տեղական ու հանրապետական նշանակության հուշարձանների դեպքում ինչպես կարող են իրականացվել փոփոխությունները: Հաշվի առնելով, որ մեր թվարկած հուշարձանները տեղական նշանակության են, ապա փոփոխությունները կարող են կատարվել պետական կառավարման` ՏԻ մարմինների թույլտվությամբ, այն էլ` լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա: Ասել է թե` Երեւանի հուշարձանների դեպքում թույլտվությունը պետք է տա ՀՀ ՏԿՆ-ն: Շինարարական ցանկացած աշխատանքի դեպքում, ի դեպ, սեփականատերը պետք է նաեւ լիազոր մարմին ներկայացնի պահպանական պարտավորագիր: Ըստ մեր տեղեկատվության՝ այն գոյություն չունի, էլ ուր մնաց` դրա պահանջները կատարելը:
Մշակույթի նախարարության պատասխանից այդպես էլ պարզ չդարձավ` վերը նշված հուշարձան-շենքերն արդյոք ունեն պահպանական գոտիներ, թե ոչ: Եթե չունեն, ապա անիմաստ է առհասարակ խոսել շինարարական աշխատանքների, մաքրման եւ այլնի մասին: Քանզի այս դեպքում հրատապ է դառնում նախ եւ առաջ պահպանական գոտիներ կազմելու խնդիրը…
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ