Armlur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] `հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Ձեզ հուզող հարցերի պատասխաններն կգտնեք մեր կայքում:
ՀԱՐՑ. Ես 1931թ. ծնված թոշակառու եմ եւ պետք է ստանամ ԽՍՀՄ բանկում ունեցած ավանդս: Բոլոր անհրաժեշտ թղթերը վաղուց ներկայացրել եմ համապատասխան մարմին: Ի՞նչ է պետք անել, որպեսզի իմ հերթը չանցնի, եւ ժամանակին ստանամ:
Ռազմիկ Ասատրյան (Արարատի մարզ, գյուղ Զանգակատուն)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչ Ռազմիկ Ասատրյանի դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ կառավարության՝ 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշմամբ հաստատված «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման» կարգով սահմանված նորմերին համապատասխան՝ որպես դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձ, Ռ. Ասատրյանը հաշվառվել է ավանդների փոխհատուցման ծրագրում (սոցիալական աջակցության Վեդու տարածքային գործակալությունում) եւ ձեռք բերել ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք:
Տեղեկացնում եմ, որ հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են ամսական պարբերականությամբ՝ ՀՀ պետական բյուջեով ավանդների փոխհատուցման վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակային համամասնություններին համապատասխան: Տարեցների ընդհանուր ցուցակում Ռազմիկ Ասատրյանի հերթական համարը 13409-ն է:
Տեղեկացնում եմ նաեւ, որ 2016թ. հունվարի վճարման ցուցակներում ընդգրկվել են մինչեւ 9624 հերթական համարն ունեցող տարեցները:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ավանդների դիմաց տրվող դրամական փոխհատուցումը իրենից ներկայացնում է դրամական օգնություն սոցիալապես անապահով եւ խոցելի խմբերին պատկանող ավանդատուներին: