Հայաստանի ԱԻ նախարարությունը հայտարարել է մրցույթ` փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելու համար։
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ առաջին փուլում աշխատանքի մրցույթին կարող են դիմել միայն սայլակավոր հաշմանդամները։
ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ` ԱՌՆԱՊ հիմնադրամում ստեղծվել է “Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի” թեմատիկ խումբ, որտեղ ընդգրկված են ՀՀ արտակարգ իրավիճակների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ԱՌՆԱՊ հիմնադրամի, “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալություն եւ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ԱԻՆ-ում սեղմ ժամկետներում եւ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հստակեցվել են հաշմանդամություն ունեցող անձանց ԱԻՆ համակարգում աշխատանքի տեղավորման հիմնական խնդիրները, անհրաժեշտ պայմաններն ու ներկայացվող պահանջները։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ (բեռնել www.mes.am կայքից) եւ ներկայացնել ՀՀ ԱԻ նախարարություն (հասցեն` ք. Երեւան 0054, Ա. Միկոյան 109/8, հեռ.` 010 31-77-31) կամ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով: