Հափշտակել էր եկեղեցի կառուցելու համար նախատեսված գումարներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու փաստի առթիվ:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2008թ. ապրիլի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ՍՊ ընկերության միջեւ կնքվել է պայմանագիր` Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում եկեղեցի կառուցելու վերաբերյալ:
Շինարարական աշխատանքներն իրականացնելու ընթացքում ՍՊ ընկերության տնօրենը, խաբեությամբ եւ եկեղեցու տնօրինության վստահությունը չարաշահելու միջոցով, 2008թ. հունիս ամսին հանձնարարել է, որպեսզի շինարարության համար նախատեսված գումարից 12 մլն 497 հազար 257 դրամը փոխանցվի մեկ այլ ՍՊ ընկերության բանկային հաշվին, ինչը կանխիկացվել է ու հափշտակվել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնին:




Լրահոս