Մինչև ե՞րբ է Սերժ Սարգսյանը հանդուրժելու իր հրահանգներն անտեսողներին. տնտեսության անկումը հենց նրա՛ խղճին է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային բանկը նախօրեին հրապարակել է ամենամսյա տնտեսական տեղեկագիրը, որում Հայաստանի հետ կապված կանխատեսումները, մեղմ ասած, հուսադրող չեն: Ըստ ՀԲ-ի` մեր երկիրն այս տարի կունենա ընդամենը 2,5 տոկոս տնտեսական աճ, ինչը անգամ նախորդ տարվա համեստ ցուցանիշից` 3 տոկոսանոց աճից էլ պակաս է:

Իհարկե, ՀԲ-ի այս կանխատեսումը նորություն չէ, այդ մասին այս կառույցի ներկայացուցիչները հայտարարել էին դեռեւս անցած տարեվերջին` 2016թ. պետական բյուջեի ընդունման ժամանակ, պարզապես արդեն այս տարվա առաջին եռամսյակի իրողությունները նկատի առնելով՝ ՀԲ-ի այս կանախատեսումն առավել հիմնավոր է եւ, փաստորեն, այն վատագույնն է անցած հինգ տարիների համար: Նշենք, որ 2010թ-ից ի վեր ամենացածր տնտեսական աճն արձանագրվեց նախորդ տարի, եւ եթե ՀԲ-ի այս կանխատեսումն իրականանա, դա կնշանակի, որ Հայաստանի տնտեսությունը սահուն քայլերով գնում է դեպի ճգնաժամ:

Անշուշտ, մեր տնտեսությունն անցած տասնամյակում անհամեմատ ավելի վատ ցուցանիշ է ունեցել` 14 տոկոսանոց անկում, սակայն դա համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում էր, որը, չնայած Տիգրան Սարգսյանի` մասնագիտական բացատրության չտրվող լավատեսությանը, այդպես էլ չշրջանցեց Հայաստանը: Մինչդեռ ներկայիս տխուր ցուցանիշներն արդեն բոլորովին այլ` ձեւավորված համաշխարհային տնտեսական իրավիճակին անհրաժեշտ արագությամբ եւ արդյունավետությամբ չադապտացվելու արդյունքում են, ինչն, ի դեպ, շատ ավելի վտանգավոր եւ երկարաժամկետ հետեւանքներ կարող է ունենալ:

Բայց որպեսզի առկա մարտահրավերներին օպերատիվ եւ էֆեկտիվ արձագանք տրվի, անհրաժեշտ է, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը դա համարի իր առաջնային խնդիրը, մինչդեռ մեզանում թե՛ երկրի նախագահը, թե՛ վարչապետը, կարծես թե, առավելապես զբաղված են սեփական դիրքերի ամրապնդման խնդիրներով, եւ հատկապես վերջինն այսօր, թերեւս, մտահոգության ավելի մեծ առիթներ ունի, քան ՀԲ-ի վատ կանխատեսումն ու տնտեսական ցուցանիշների անկումը:

Առավել եւս, որ Սերժ Սարգսյանը, ով դեռեւս 2013թ. նախագահական ընտրություններից հետո հայտարարեց, թե այն կառավարությունը, որն առաջիկա տարիներին չապահովի առնվազն 7 տոկոսանոց տնտեսական աճ, պետք է հրաժարական տա, փետրվարի 12-ի իր ծրագրային ելույթում անուղղակիորեն կրկնեց իր այդ զգուշացումը. «Մեր երկրին պետք են ոչ թե այս կամ այն ծրագրի չկայանալը հիմնավորող պաշտոնյաներ, այլ ամեն գնով այդ ծրագրերն իրականացնող չինովնիկներ: Անել այն, ինչ կարողանում ենք, անել այնքան, որքան կարողանում ենք, սա որեւէ հանրային ծառայողի համար չի կարող արդարացում լինել: Հանրային ծառայությունում պետք է ընդգրկվեն մարդիկ, ովքեր ունակ են անելու այն, ինչն անհրաժեշտ է»,- հայտարարեց Սարգսյանը:




Լրահոս