ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ ՎՊ-Ի ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես եւ սպասվում էր, հայրենի կառավարության անդամները հանդես եկան ասուլիսներով՝ ներկայացնելով պարզաբանումներ Վերահսկիչ պալատի հաշվետվության վերաբերյալ: Նշել էինք նաեւ, որ նախարարները դա անում են վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով: Ինչո՞ւ էին մինչ օրս լռում: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց մի քանի նախարարների հետ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆ
-Պարո՛ն նախարար, Դուք անձամբ համաձա՞յն եք ՎՊ-ի բացահայտումների հետ, որոնք վերաբերում են հենց Ձեր գերատեսչությանը: Դուք ստորագրե՞լ եք այդ հաշվետվության տակ:
-Այո՛: Իհարկե համաձայն եմ:
-Պետբյուջե վերադարձրե՞լ եք այն գումարները, որոնք, ըստ ՎՊ հաշվետվության, յուրացվել են:
-Մեր գերատեսչության հետ կապված` գումարների վերադարձման խնդիր չի եղել: Սոցիալական պաշտպանության ոլորտի մեջ այլ բան է գրված եղել, ու բերե՛ք առանձին-առանձին յուրաքանչյուրը նայեք. եթե այժմ սոցիալական պաշտպանության ոլորտին է վերաբերում… այնտեղ կան կենսաթոշակների, նպաստների հետ կապված, որ վերլուծություններ են արվել: Դուք գիտեք, որ երկուսուկես տարուց ավելի այդ խնդիրները ուսումնասիրվում են, այնտեղ անգամ դրական գործընթացներ են նշվել: Ես դրա հետ չհամաձայնե՞մ, համաձայնեմ չէ՞: Այնուհետեւ եղել է խնամքի հաստատություններում՝ տարեցների շուրջօրյա խնամքի եւ երեխանների շուրջօրյա խնամքի գնումների հետ կապված գործընթացներ, որտեղ արձանագրվել են ընթացակարգային թերություններ, որոնք մենք արդեն շտկել ենք, գնումներ ենք կազմակերպել՝ 2013թ. առաջին եռամսյակում, 150 միլիոն դրամի խնայողություններ ենք ապահովել:
-Վարչապետը հատուկ հանձնարարություն էր տվել, որ ամեն մի նախարար պատասխան տա իր գերատեսչության…
-Այո՛, ճիշտ եք ասում, հիմա ես էլ ներկայացնում եմ այն, ինչ կա: Բերե՛ք գնահատականներ չտանք, վարչապետի հանձնարարականը շատ հստակ է եղել: Եղել է ՎՊ-ի հաշվետվություն, եւ կան նախարարություններ, ղեկավարներ, պատասխանատուներ, որոնք իրենց կարծիքն են ներկայացրել: Ու պարտադիր չէ այդտեղ որեւէ բան փնտրել: Այսինքն` Դուք ուզում եք, չէ՞, երկու կողմից էլ տեղյակ լինել, դրա մասին է խոսքը, տեղյա՛կ եղեք ՎՊ-ի ասածներին եւ կառավարության ասածներին, ու պետք չէ ամեն ինչի մեջ բան փնտրել:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
-Պարո՛ն Աշոտյան, Դուք ստորագրե՞լ եք ՎՊ հաշվետվության տակ:
-Ես ստորագրել եմ այն փաստաթղթի տակ, որի մասին ես ասել եմ: Խնդիրների մի զգալի մասը մենք ընդունել ենք որպես խնդիրներ եւ այդ աշխատանքը գնահատել ենք ու փոփոխություններ կատարել: Բայց կան խնդիրներ, որոնց վերաբերյալ մենք ներկայացրել ենք մեր բացատրություններն ու առարկությունները, որոնք չեն ընդունվել ՎՊ-ի կողմից: Ակնհայտ է, որ ՎՊ-ի զեկույցի եւ հրապարակային քննարկումների միջեւ մեծ տարբերություն կա:
-Ո՞րն է այդ տարբերությունը:
-Գնահատականները, որ ԱԺ-ում հնչել են, ՎՊ-ի զեկույցի բառապաշարին չեն համապատասխանում:
-Պետբյուջե վերադարձրե՞լ եք….
-Բնականաբար, ինչը որ վերադարձման ենթակա է, վերադարձրել ենք:
-Եթե իսկապես պետբյուջեին վնաս է հասցվել, այդ դեպքում ինչո՞ւ սկսեցին հերքել ՎՊ-ի հաշվետվությունը…
-Ոչ ոք չի լափել, կերել, գռփել, թալանել, հափշտակել:
-Իսկ ի՞նչ է եղել:
-Ա՛յ դա արդեն քննարկումների ընթացքում բոլոր նախարարներն էլ կասեն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆ
-Պարո՛ն Երիցյան, ըստ ՎՊ-ի` Ձեր գերատեսչությունում եւս յուրացումներ են եղել, Դուք ստորագրե՞լ եք ՎՊ-ի հաշվետվության տակ:
-Մեր նախարարությունում այնքան քիչ թերություններ են եղել: Հրդեհի եւ տեխնիկական անվտանգության կողմից երեք վարչական վարույթ է կարճվել` մեկը Արագածոտնի, երկուսը Արարատի մարզերում:
-ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պետբյուջեն լափել են ու թալանել, Դուք համամի՞տ եք:
-Չէ՛, իհարկե համամիտ չեմ, նման բան չկա ու չի կարող լինել, ես չեմ լսել այդ արտահայտությունը: Աշխատանքը վարչապետի ամենօրյա հսկողության տակ է, ու ես իմ աշխատանքով եմ ասում, ո՞նց կարող են թալանել: Ես կարծում եմ, որ կառավարությունը չի կարող լափել, բոլորն էլ պետական մտածելակերպ ունեցող մարդիկ են:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս