ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գների ինդեքսը 1.7 տոկոսով նվազել է: Պարենային ապրանքներինը (ներառյալ՝ ոգելից խմիչք եւ ծխախոտ) 5.4 տոկոսով է նվազել, ոչ պարենային ապրանքներինը` 0.1 տոկոսով, իսկ, ահա, ծառայությունների սակագները 3.4 տոկոսով աճել են:
Նույն պաշտոնական վիճակագրությամբ՝ 2016 թվականի փետրվարին, հունվարի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 3.2 տոկոս գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի եւ կարտոֆիլի, մրգի 13.4-3.3 տոկոս գնանկումը:
Այս տարվա փետրվարին, հունվարի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.6 տոկոս գնանկում, ինչը պայմանավորվել է հագուստի եւ գործվածքի 2.8 տոկոս, գեղահարդարման ապրանքների 1.3 տոկոս, կոշկեղենի 1.1 տոկոս, վառելիքի 1 տոկոս, գրենական պիտույքների 0.9 տոկոս գնանկմամբ:
016 թվականի փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է հացամթերքի 5.3 տոկոս, իսկ այս տարվա հունվարի համեմատ՝ 2.6 տոկոս գնանկում: Իսկ, ահա, մսամթերքի շուկայում նշված ժամանակահատվածում գրանցվել է 6.1 տոկոս գնանկում: Այս տարվա փետրվարին, հունվարի համեմատ, խոզի մսի գինը նվազել է 2.9 տոկոսով, խոզապուխտինը՝ 1 տոկոսով, տավարի մսինը, թռչնամսինը, նրբերշիկինը, տավարի փափկամսինը՝ 0.6 տոկոսով, պելմենիինը՝ 0.3 տոկոսով, աղացած մսինը՝ 0.2 տոկոսով:
Ի դեպ, նվազել են նաեւ բենզինի եւ դիզելային վառելիքի գները. 2016 թվականի փետրվարին, հունվարի համեմատ, հանրապետությունում բենզինի եւ դիզելային վառելիքի գները նվազել են 2.7 եւ 3.7 տոկոսով: Իսկ, ահա, այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գները նվազել են 11.6 եւ 14.4 տոկոսով:
Սյունէ Համբարձումյան