Ինչպես հայտնի է` նոր ընտրական օրենսգրքի հեղինակները նախագծում չներառելով ընդդիմության ամենակարեւոր պահանջներից մեկը` ստորագրված ընտրական ցուցակների հրապարակումը, մատնանշում են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի բացասական դիրքորոշումն այս հարցի շուրջ, ինչպես նաեւ մեջբերում ՀՀ Սահմանադրական դատարանի` 2012թ. մայիսի 5-ի որոշումը, որով, ըստ ՀՀԿ ներկայացուցիչների, ստորագրված ընտրացուցակների հրապարակումը համարվում է հակասահմանադրական:
Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ ՍԴ նշված որոշման հետ կապված առկա են տրամագծորեն հակառակ ընկալումներ ընդդիմության եւ բազմաթիվ սահմանադրագետների մոտ, որոնք վստահեցնում են, որ ՍԴ որոշման մեջ չկա ցուցակների հրապարակման վերաբերյալ որեւէ բացարձակ արգելք, անդրադառնանք Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիրքորոշումներին, որոնք, որպես հիմնավորում, հիշատակված են նաեւ ՍԴ որոշման մեջ:
Մանավորապես ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ դեռեւս փետրվարին հրապարակված իր զեկույցում հետեւյալ առաջարկությունն էր արել.«Բարելավել ընտրողների ռեգիստրի ճշգրտությունը եւ ձգտել հասնել փոխհամաձայնության` արդյունավետ լուծումների վերաբերյալ՝ անդրադառնալով հարատեւող այն ընկալմանը, որ ընտրողների ցուցակներում Հայաստանից բացակայող քաղաքացիների ընդգրկվածությունը կարող է շահարկվել՝ հեշտացնելով բացակայող անձի փոխարեն քվեարկելը կամ այլ ընտրախախտումներ։ Որպես տարբերակ կարող է դիտարկվել ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումը»։
Ինչպես տեսնում ենք՝ այն նույն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, որի բացասական դիրքորոշումը ՀՀԿ-ականները ներկայացնում են որպես հիմնավորում, հենց ինքն է առաջարկել դիտարկել ցուցակների հրապարակումը որպես ընտրախախտումների դեմ արդյունավետ գործիք:
Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին, որի եզրակացություններն, ի դեպ, ունեն խորհրդատվական նշանակություն, եւ այդ մասին իշխանություններն իրենց հարկ եղած դեպքերում հիշում են, սակայն հիմա ներկայացնում որպես վերին ատյանի ճշմարտություն, ապա Հայաստան այցելած հանձնաժողովի անդամները երեկ ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպումների ընթացքում ասել են, որ իրենք սկզբունքորեն դեմ չեն ցուցակների հրապարակմանը:
Այդպիսով` ինչ է ստացվում. ՀՀԿ ներկայացուցիչները լալահառաչ հատարարություններ են անում, թե չեն կարող անտեսել Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիրքորոշումները, որոնք ցուցակների հրապարակմանը դեմ են, ու մեկ էլ` պարզվում է, որ թե՛ Վենետիկի հանձնաժողովը, թե՛ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը առանձնապես դեմ չեն ՀՀ իշխանությունների վերարտադրությունը կասեցնող այդ տարբերակին: Իսկապես զավեշտալի է: